Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի մամուլ


«Երկրի» խմբագիրը գրում է. - «Նախագահը կադրերին չի փոխում, վարչապետը` սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Երկուսը միասին չեն ուզում փոխել հասարակությունը: Սա պահպանողականություն չէ, որովհետեւ պահպանողականությունը չի մերժում փոփոխությունը, եթե դրանք չեն ժխտում արժեքները: Ոչինչ չփոխելու այս մոտեցումը գալիս է ցանկացած նորի նկատմամբ առկա անվստահությունից, դրանից ծնված վախից: Որովհետեւ այն, ինչ նոր է, նաեւ անկանխատեսելի է: Նախագահը ձգտում է կառավարել, ոչ թե ելնելով իր կադրերի պրոֆեսիոնալ որակներից կամ կամային հատկանիշների վրա հենվելով, այլ բացառապես նրանց հավատարմության նկատմամբ հավատով: Արդյունքում ունենում ենք մի փակ տարածություն` նույն մարդկանցով, աշխատելու նույն մեթոդներով, նույն չհաղթահարվող առաջնայնություններով: Եթե ոմանց համար այդ տարածությունը ինքնաիրացման միակ միջավայրն է, մյուսների համար սա գերեզմանային անշարժություն է: Հիմա բոլորս ցանկացած նորի հանդեպ կառավարող ֆոբիայի գերին ենք»:

«168 ժամ»-ը «Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հարցնում է. - «Գնահատականներ են հնչեցում, որ կառավարության ծրագրի քննարկումները նոր մշակույթ կարող են ներմուծել խորհրդարանի աշխատանքում: Ձեր կարծիքով` նոր ԱԺ-ն եւ դրանում կատարվող գործընթացներն ընդհանուր առմամբ ի՞նչ ազդեցություն կունենան քաղաքական համակարգի վրա»: Մակեյանը պատասխանում է. - «Քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական համակարգի կայացման գործընթաց չի կարող լինել այնպիսի մի վարչախմբի պարագայում, ինչպիսին գոյություն ունի այսօր Հայաստանում: Հայաստանում այսօր գործընթացները գնում են դեպի միակուսակցական համակարգի ձեւավորում, պառլամենտը ձեւավորվել է երկու մարդու` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բարի կամքով, հասարակությունը, ժողովուրդը որեւէ ազդեցություն չի ունեցել այս խորհրդարանի ձեւավորման գործում: Ժողովուրդն օգտագործվեց` որպես ապրանք, ով ինչքան կարողացավ` գնեց, գնողներն էլ հիմնականում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն էին, վերջինիս էլ գնելու հնարավորություն տրվեց իշխող վարչախմբի կողմից: Մնացած կուսակցություններին տարբեր առիթներով հնարավորություն տրվեց հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Այսինքն` քաղաքական դաշտը, որպես այդպիսին, ոչնչացման եզրին է, ինչի դրսեւորումը, օրինակ, ակնհայտ է մեր կուսակցության գրասենյակը գրավելու գործընթացի համատեքստում»:

«Հայկական ժամանակ»-ը Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին հարցնում է. - «Կարելի՞ է հետեւություն անել, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերը կարող են հանդես գալ մեկ միասնական թեկնածուով»: Արզումանյանը պատասխանում է. - «Ոչ մի բան չեմ կարող բացառել եւ բազմիցս ասել եմ, որ մենք ոչ թե համագործակցում ենք անձերի շուրջ, այլ գաղափարների, մոտեցումների, մենք ունենք մեր մոտեցումները: Օրինակ, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» պատկերացմամբ, Հայաստանը պետք է փոխի կառավարման մոդելը, անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, եւ եթե նման ծրագրով այլ ուժեր հանդես գան, մենք սիրով կպաշտպանենք, եւ որեւէ խնդիր չկա»: Հարց. - «Բայց թեկնածուի մասով խնդիրներ չե՞ն առաջանա»: Պատասխան. - «Թեկնածուն այդքան էակա՞ն է: Եթե թեկնածուն սպասարկում է այն ծրագիրը, որի շուրջ բոլոր ուժերը համաձայնել են, ի՞նչ էական է թեկնածուն: Դե, բան չմնաց, կապրենք, կտեսնենք, մի քանի ամիս հետո նոր փուլ է սկսվում»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը հերթական անգամ առաջ բերեց Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման խնդիրը, կամ ավելի շուտ՝ այդ խնդիրը իրականում, ոչ թե քարոզչական մակարդակում հանգուցալուծելու խնդիրը: Բայց երբ խորամուխ ենք լինում օրենքից վեր դասված այդ շերտի խնդրի լուծմանը, տեսնում ենք, որ Հայաստանում երեւի թե կարիք կա իսկապես հստակ բանաձեւելու, թե ինչն է ընդհանրապես օլիգարխիան, ով է օլիգարխը, ինչպես է այն սահմանվում, որոշվում, ինչից հետո են համարվում օլիգարխ եւ այլն: Ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել, որ օլիգարխիկ համակարգը ֆիզիկապես է տարանջատված հասարակությունից, իսկ մտածողության եւ արժեքների, պատկերացումների առումով այն կազմում է հասարակության մի զգալի հատվածի օրգանական շարունակությունը, ինչն էլ նույնպես լրացուցիչ բյուրեղացում եւ դիմադրունակություն է ապահովում համակարգի համար»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ի հայտ գալու հետեւանքներից մեկն այն էր, որ այդ խմբակցության ցանկացած ներկայացուցչի քննադատություն իշխանական թեւի կողմից հակադարձվում է՝ «բա որ ձեր ժամանակ» փաստարկով: ՀՀԿ պատգամավորները նկատի ունեն, որ իրենց գործընկերների մի մասը 90-98 թվականներին հնարավորություն է ունեցել այս կամ այն չափով ազդելու իրավիճակի վրա: Բայց ամենակարեւորը՝ ինչի՞ համար է պետք այդ ամենն անել: Ինձ թվում է՝ դա ոչ թե քաղաքական գործիչների, պատգամավորների, այլ պատմաբանների, գուցե քաղաքագետների խնդիր է. այդ պատմական զեղումները դժվար թե օգնեն պատասխաններ գտնելու այսօրվա մարտահրավերներին: Բայց եթե այդ քննարկումները մեր պատգամավորների համար այդքան կարեւոր են, առաջարկում եմ խորհրդարանում ստեղծել պատմաբանների ենթահանձնաժողով, որը ուղիղ եթերով կհեռարձակի բանավեճ՝ «բա որ դու» թեմայով: Կնայվի սերիալից ոչ վատ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG