Մատչելիության հղումներ

Կայացել է ազատ առեւտրի շուրջ Հայաստան - ԵՄ բանակցությունների առաջին փուլը


Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: 5-ը դեկտեմբերի, 2011թ.

Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: 5-ը դեկտեմբերի, 2011թ.

Հունիսի 20-ին Բրյուսելում ավարտվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:

«Քննարկվել է ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, որը ներառելու է 15 գլուխ. քննարկվել են դրանցից 14-ը, եւ համապատասխանաբար կազմավորվել են 14 աշխատանքային խմբեր, որոնք երկկողմ ֆորմատով բանակցել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բրյուսելից փոխանցեց Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

Եվրոպական միության առեւտրային քաղաքականության հանձնաժողովն այս տարվա փետրվարին է կայացրել Հայաստանի հետ բանակցությունները սկսելու որոշումը: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները սկսելու համար որպես նախապայման Հայաստանը պետք է վերացներ առեւտրի տեխնիկական խոչընդոտները, բարելավեր սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության իրավունքների ոլորտները:

«Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը Հայաստանին արված Եվրոպական միության առաջարկներից է: Այն Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է եւ գործում է Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բրյուսելում գործող Քաղաքական հետազոտությունների կենտրոնի քաղաքագետ Հրանտ Կոստանյանը:

«Հարավային Կովկասի երկրներից Եվրամիության հետ բանակցություններում առաջատարն առայժմ Վրաստանն է: Վրաստանն ու Մոլդովան ավելի վաղ են սկսել իրենց առեւտրային բանակցությունները: Հայաստանը փոքր-ինչ ուշացավ, սակայն Արեւելյան գործընկերության երկրների շարքում բավականին լավ տեմպով է առաջ շարժվում», - ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանը Վրաստանից եւ Մոլդովայից երկու ամսով ետ է մնում. - «Ինչպես ես եմ հասկանում` Հայաստանի իշխանությունները փորձում են հասնել հարեւան Վրաստանին եւ Մոլդովային: Իսկ ահա Ադրբեջանը բավականին հետ է մնացել այս հարցում: Այն դանդաղում է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում եւս, որը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի հիմքն է: Բացի այդ Ադրբեջանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, ինչը պարտադիր նախապայման է Եվրոպայի հետ առեւտրային գոտու բանակցությունների մեկնարկի համար: Այդ փաստը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը այնքան էլ հետաքրքրված չէ Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում»:

«Հաջորդ բանակցային ռաունդը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչեւ բանակցությունների ռաունդը եվրոպական կողմը կներկայացնի որոշակի գլուխների վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագծերը», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց Վարոս Սիմոնյանը:

Հարցին, թե որն է լինելու Հայաստանի «տնային աշխատանքը» Եվրամիությունում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչը պատասխանեց. - «Տնային աշխատանքը կանայում է նրանում, որ ձեռք են բերվել որոշակի երկկողմանի պայմանավորվածություններ, եւ հայկական կողմը պետք է կատարի որոշակի աշխատանք, մշակի որոշակի փաստաթղթեր»:

Փորձագետները չեն սահմանում բանակցությունների ավարտի կոնկրետ ժամկետներ` նշելով միայն, որ դա տարիներով ձգվող գործընթաց է եւ կապված է նաեւ երկրի քաղաքական դրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG