Մատչելիության հղումներ

Իշխանությունը «հետեւողական է լինելու» աղմկահարույց միջադեպի բացահայտման գործում


Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխանությունը հետեւողական է լինելու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (ՀՀԿ) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի բացահայտման գործում:

«Որեւէ բանական մարդ չի կարող արդարացնել բռնությունը: Այդ ճանապարհը հարցի լուծման ճանապարհ չէ», - հավելեց նախարարը:

Հարցին, թե արդյոք բացառում է, որ Հայրապետյանը միջնորդի իր թիկնազորի համար, Թովմասյանն արձագանքեց. - «Առաջին հերթին իրենց է ձեռք տալիս, որպեսզի այս գործը մինչեւ վերջ բացահայտվի, եւ սրանք [նման միջադեպերը] չկրկնվեն: Ես դրանում վստահ եմ: Այսինքն` այդ մարդկանց անվան, այդ մարդկանց համբավի համար շատ ավելի պետքական է, եւ դրա մասին հայտարարություններ եղան, որ, այո, մեղավորները պատժվելու են»:

Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ «Բանգլադեշցի Համո» մականունով հայտնի Աշոտ Ավետիսյանի խափանման միջոցը` կալանքը, փետրվարին դատախազության որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Աշոտ Ավետիսյանը, ըստ լրատվամիջոցների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավորներից է, ձերբակալվել էր Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում տաքսու վարորդին դաժան ծեծի ենթարկելու փաստով:

Այս առնչությամբ Հրայր Թովմասյանը հայտարարեց, թե քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի արդյունքում հնարավոր չէ նման գործերը կոծկել, կամ մեղավորներին չպատժել, եւ հավելեց. - «Ես չեմ կարող ասել` ոնց եղավ: Կարող եմ ասել, որ թեթեւ մարմնական վնասվածքի դեպքում քրեական գործը կարճվում է` եթե կողմերը համաձայնության են եկել, կողմերը չեն բողոքում: Կա նման դրույթ: Ես հիմա չեմ կարող ասել` այդ դեպքում դա էր, թե դա չէր»:

Արդարադատության նախարարը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է կանոնակարգել, թե ով պետք է ապահովի անվտանգությունը ռեստորաններում, ժամանցի այլ վայրերում. - «Ովքեր պետք է այդ ծառայությունն իրականացնեն. դրա սեփականատե՞րը, ոստիկանությո՞ւնը, թե՞ լիցենզավորված որեւէ ծառայություն: Ես այս հարցի պատասխանները պետք է ըստ էության գտնեմ»:

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայությունում փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործին եւ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե այդ գործի ետեւում իր քննադատական ելույթների պատճառով ակնհայտ քաղաքական պատվեր կա` նախարարն ասաց, թե նախաքննական փուլում քաղաքական պատվերի մասին խոսելն անիմաստ է. - «Ընթանում է նախաքննություն, նախաքննության գաղտնիություն կա: Այսինքն` ես գիտեմ այդ գործի մասին այնքան, որքան դուք գիտեք: Ոչ ավելին: Գիտեմ մի բան երեւի ձեզանից ավելի` որ այդ կազմակերպությունը (եւս 500 կազմակերպությունների հետ միասին), որը պարտավոր էր հաշվետվություն ներկայացնել իր գործունեության վերաբերյալ Արդարադատության նախարարություն, չի ներկայացրել»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, հունիսի 20-ին դիմել է գլխավոր դատախազին` խնդրելով կարճել Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Օսկանյանի դիմումին կպատասխանեն եռօրյա ժամկետում:

XS
SM
MD
LG