Մատչելիության հղումներ

Կոալիցիա չկազմելով` ԲՀԿ-ն «կրկնապատկեց հետեւորդների թիվը»


ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյան
Կոալիցիա չկազմելով «Բարգավաճ Հայաստան»-ը ոչ թե կորցրեց ուժը, այլ ընդհակառակը կրկնապատկեց հետեւորդների թիվը, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքի օգտատերերից մեկի հարցին այսպես պատասխանեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Ֆեյսբուք ասուլիսի ընթացքում ԲՀԿ-ի խոսնակը «հեքիաթային խոսակցություններ» որակեց օգտատերերից մեկի դիտարկումը, թե ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, սակայն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինքը հարկեր չի վճարում:

«Հավանաբար հարցի մեջ հենց որոշակիորեն պատասխան կա. դե, ուրեմն չի վախենում, երկրորդը` ԲՀԿ առաջնորդը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը ռիսկի գնալու, այդ թվում` սեփական ունեցվածքի եւ սեփական բարեկեցության առումով հանուն այն նպատակների իրականացման, որոնք իր առջեւ ուրվագծել է», - ասաց Ուրիխանյանը:

Օգտատերերից մեկի հարցին, թե չի վախենո՞ւմ Ծառուկյանը, որ Վարդան Օսկանյանին կասկածելով փողերի լվացման մեջ` իշխանությունները զգուշացնում են, թե հերթը իր ձեռնարկություններին էլ կհասնի, Ուրիխանյանը պատասխանեց. - «Տարբեր ժամանակներում, տարբեր սուր քաղաքական իրադարձություններին նախորդող եւ հետեւող ժամանակահատվածներում ինչ-որ ինձ համար անըմբռնելի մի տիրույթից կամ բնից ուղղորդվող է... դրա մասին արդեն բազմաթիվ անգամներ խոսվել է, օգտատերը կարող է քաղել տեղեկատվություն համապատասխան աղբյուրներից, օրինակ, հարկային մարմիններից: Անհեթեթ, անիմաստ խոսակցություններ են, որոնք արդեն ժամանակավրեպ են, նոր բան է հարկավոր մտածել»:

ԲՀԿ-ի խոսնակը կրկին սուր քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը: Ուրիխանյանը կարճ արձագանքեց հիշեցմանը, թե ԲՀԿ-ն, ժամանակին լինելով նույն կառավարության կազմում, այսօր քննադատում է այդ կառավարության գործունեությունը:

«Է, բա որ բավարար լիներ, կշարունակեինք, բա ինչո՞ւ ենք հրաժարվել», - հարցրեց Ուրիխանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG