Մատչելիության հղումներ

logo-print

Բրազիլիայում «Ռիո+20» գագաթնաժողովում Ռեջեփ Էրդողանը եւ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են «նոր էջ» բացել։

Պաշտոնական Անկարան դադարեցնում է տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանել է ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնելու օրինագծին, որը փորձել է անցկացնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Երեկ Բրազիլիայում Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ֆրանսուա Օլանդը ասել են, որ վերականգնում են հարաբերությունները։

2011 դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, ընդունել էր օրինագիծը, 2012 հունվարի 23-ին դրան հավանություն էր տվել նաեւ վերին պալատը` Սենատը, սակայն փետրվարի 28-ին Սահմանադրական դատարանը (խորհուրդը) այն հռչակել էր Հիմնական օրենքին հակասող, ինչից հետո նախագահ Սարկոզին ասել էր, թե վերընտրվելու դեպքում անպայման կներկայացնի նմանօրինակ նոր նախագիծ։

Ի դեպ, վարչապետ Էրդողանը հունվարին ասել էր, որ եթե Ֆրանսիան վերջնականապես ընդունի օրինագիծը, ինքն իր կյանքում այլեւս երբեք Ֆրանսիա չի մեկնի։

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը փետրվարի 28-ին գոհունակություն էր հայտնել այն կապակցությամբ, որ «Ֆրանսիայի Սահմանադրական խորհորդը` վճիռ կայացնելիս, հրաժարվել է քաղաքական շահարկումներից»։

National Turk անգլալեզու հանդեսի փոխանցմամբ, թուրք-ֆրանսիական կապերը Սարկոզիի նախագահության օրոք կտրուկ վատթարացել են, սակայն հունիսի 20-ին հանդիպելով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Բրազիլիայում գումարված «Կայուն զարգացման» («Ռիո+20») գագաթնաժողովում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը եւ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել են «նոր էջ բացել»։

«Մենք համոզվում ենք, որ պարոն նախագահ Օլանդը պատրաստ է աշխատել բոլոր հարցերի վրա», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Հուլիսի 5-ին Դավութօղլուն կմենկի Փարիզ, որտեղ կքննարկի «երկու երկրների հարաբերություններում ի հայտ եկած դրական միտումները խորացնելու հնարավորությունները»։

«Հուսով եմ, որ հուլիսի 5-ի բանակցություններից հետո մեր հարաբերություններում առկա սառեցված վիճակը կփոխվի», - ասել է Դավութօղլուն։

Թուրքիան որոշել է Փարիզ վերադարձնել իր դեսպանին, որը հետ էր կանչվել Ցեղասպանությունը ժխտելու օրինագծի կապակցությամբ, եւ չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Նշենք, որ չնայած Սահմանադրական դատարանի կողմից փետրվարին բանաձեւը հակասահմանադրական ճանաչելու հանգամանքին` թուրքերը պահպանել էին պատժամիջոցները, այդ թվում ֆրանսիական մարտական ինքնաթիռների եւ օդանավերի մուտքը թուրքական օդակայաններ եւ նավահանգիստներ։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 21-ին Չիկագոյում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Գյուլը եւ Էրդողանը Օլանդի հետ իրենց հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի ղեկավարին առաջարկել են պաշտոնական այց կատարել Թուրքիա։ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, «ֆրանսիական կողմը դրական է արձագանքել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG