Մատչելիության հղումներ

«Ֆեյսբուք»-ի օգտատերերը պահանջում են արդար քննություն


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Ոստիկանության շենքի առջեւ` պահանջելով պատժել «Հարսնաքար»-ի գործով բոլոր մեղավորներին:

Այսօր կալանավորվել են այս գործով ձերբակալված 7 անձանցից չորսը: Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, կալանավորվել են Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ ծանր մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ 5-10 ժամկետով: Բոլոր կալանավորվածները «Հարսնաքար»-ի աշխատակիցներ են:

Հունիսի 17-ին, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանն արդեն 5-րդ օրն է անգիտակից վիճակում է: Բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում նրա վիճակը:

Միջադեպը մեծ հնչեղություն է ստացել հանրության շրջանում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Ոստիկանության շենքի առջեւ` պահանջելով արդար քննություն կատարել եւ պատժել «Հարսնաքար»-ի գործով բոլոր մեղավորներին:

«Օրենքի առաջ մարդկանց անպատժելի լինելու հարցն է: Ես չեմ կասկածում, որ այդպիսի դեպքերը շատ-շատ են, ուղղակի մենք չենք տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ոստիկանության շենքի մոտ ցույցի մասնակիցներից մի կին եւ այդ անպատժելիության մթնոլորտի համար մեղադրեց նախագահին` փաստարկելով. - «Եթե ընտանիքում, հազար ներողություն` բարդակ է, ո՞ւմ են մեղադրում: Ընտանիքի ղեկավարին»:

Ցույցի մեկ այլ մասնակից` իրավաբան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Պետությունը մարդուն պիտի պաշտպանի: Եթե պետությունը չի պաշտպանելու մարդկանց, հասնելու մի վիճակ, որ մարդիկ իրենք են փորձելու իրենց պաշտպանել: Ամեն մարդու իրեն պաշտպանելու սահմաններն ու պատկերացումները շատ տարբեր են լինելու, եւ դա շատ ծանր հետեւանքների է հասցնելու: Ու այդ հետեւանքները սկսելու են հենց այդ ամենաթող տարբեր տեսակի սամվելներից ու ռուբեններից: Իրենք պիտի իրենց մասին մտածեն: Բռնությունը անկառավարելի երեւույթ է»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ` իրավապահ մարմինները համարժեք չարձագանքեցին «Հարսնաքար»-ի միջադեպին. ձերբակալություններն սկսվեցին մի քանի օր անց միայն եւ հանրության ճնշման ազդեցության տակ. - «Երեւույթի պատճառը մեր երկրում թողտվությունն է եւ այդ օլիգարխների անպատժելիությունը: Այս օրերը ցույց տվեցին, որ անպատժելիությունը դոմինանտ է մեր երկրում, ոչ մի անգամ չի կանխվել, չի պատժվել որեւէ արարք, որպեսզի սա չշարունակվի: Առայժմ հասարակական այս ճնշումը, որը կա, ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ինչ-որ քայլերի»:

Ցուցարարների հետ հանդիպեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` վստահեցնելով. - «Մի կասկածեք, որ որեւէ մեկը անպատիժ է մնալու: Այս օպերատիվությամբ աշխատանք չի եղել երբեւէ: Կլինեն նաեւ նոր ձերբակալություններ: Դեռ նախաքննությունը շարունակվում է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG