Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի տնօրենը «անընդունելի» է համարում Օսկանյանի` լռելու մասին որոշումը


ԱԱԾ-ի տնօրենը «անընդունելի» է համարում Օսկանյանի` լռելու մասին որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամին գործին եւ այդ գործի շրջանակներում որպես վկա անցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ցուցմունք չտալու որոշմանը, հայտարարեց, թե «պարտիզանի պես լռելն անընդունելի է»:

Հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հատկանիշներով, ինչը կապվում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Օսկանյանը որպես վկա է անցնում հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրան արդեն երկու անգամ հրավիրել են ԱԱԾ, սակայն վերջին անգամ` հունիսի 13-ի հարցաքննության ժամանակ, նախկին արտգործնախարարը հրաժարվեց ցուցմունք տալ` ասելով, թե իր համար ակնհայատ է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ` կասկածյալ: Անցած ուրբաթ օրը նույն գործով ԱԱԾ հրավիրված «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւս հրաժարվեց ցուցմունք տալ:

«Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, այս կամ այն հարցը ճիշտ չէ: Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», - այսօր այսպես մեկնաբանեց Օսկանյանի` ցուցմունք չտալու մասին որոշումը ԱԱԾ-ի տնօրենը` հավելելով, թե «ինչ-որ բան ավելացնելու իմաստ չկա»:

Վարդան Օսկանյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե նախկին արտգործնախարարը չի ցանկանում մեկնաբանել ԱԱԾ-ի տնօրենի այս խոսքերը:

Օսկանյանը այսօր արդեն երրորդ անգամ պետք է գնար ԱԱԾ, սակայն ինչպես հայտնի դարձավ «Ազատություն» ռադիոկայանին, տեխնիական պատճառներով հերթական հարցաքննության օրը տեղափոխվել է գալիք երկուշաբթի:

Ինքը` Օսկանյանը համոզված է, որ «Սիվիլիթասի» գործի ետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա», եւ ցանկություն է հայտնել անգամ հրապարակել «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով փաստաթղթերը, եթե ԱԱԾ-ի քննչական վարչությունը տա համապատասխան թույլտվություն: Քննչական վարչության թույլտվությունը հարկավոր է, քանի որ նախաքննությունը իրակնացանում է հենց այդ մարմինը, իսկ այդ փաստաթղթերում առկա տվյալները կարող են համարվել նախաքննության գաղտնիք, որոնց հրապարակումը օրենքով արգելվում է:

Ի դեպ, օրվա վերջում «Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են «Սիվիլիթաս» հիմնադրամ եւ պահանջել հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից:

«Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG