Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց կառավարության գործունեության ծրագիրը


Երկօրյա քննարկումներից հետո 75 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը հինգշաբթի օրը ընդունեց Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը:

Ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետականներն ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, դեմ, ինչպես նախօրոք հայտարարել էին, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները՝ մեկ բացառությամբ. ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանը ձեռնպահ մնաց:

Խորհրդարանում քննարկումները բուռն էին, դահլիճը՝ համարյա լեփ-լեցուն: Կառավարության ծրագրի մասին խոսեցին խորհրդարանական բոլոր խմբակցությունները: ԲՀԿ-ն կարծում էր, որ այս ծրագիրը կառավարությունը պետք է ետ տանի, նորը մշակի: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կառավարության ներկայացրած ծրագիրը թույլ է:

«Այս չորս խմբակցությունները համամասնականով ունեն հիսուն պլյուս, այսինքն այս ծրագրին դեմ է քաղաքական մեծամասնությունը, իսկական մեծամասնությունը, եւ ժողովրդի մեծամասնությունը: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը իշխող կուսակցությունը, կառավարությունը պետք է հաշվի առնի, ես կարծում եմ, որ նրանք պետք է վերանայեն այս ծրագիրը, որովհետեւ կա հսկայական դիմադրություն», - ասաց Օսկանյանը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը ասաց՝ ներկայացվածը դպրոցական մակարդակով գրված շարադրություն է: Նախկին վարչապետի պնդմամբ՝ 1990 թվականից հետո առաջին անգամ է, որ աճի փոխարեն անկում թույլ տված կառավարությունը շարունակում է աշխատել. երեք վարչապետեր 90-ականներին հրաժարական են տվել այդ պատճառով:

«Ամեն տարի 1-2 հազար դրամով թոշակները բարձրացնելիս կառավարությունը իսկական շնորհանդես է սարքում: Ինչպե՞ս կարելի է գլուխ գովել, թե չնայած ճգնաժամին, միակ պետությունն ենք, որ աշխատավարձեր ու թոշակները վճարել ենք: Սա կատարյալ սուտ է: Նախ աշխատավարձերի եւ թոշակների վճարումը կատարվել է արտաքին պարտքն ավելի քան կրկնապատկելու հաշվին: Ստացվում է, որ ոչ թե կառավարությունն է վճարել աշխատավարձերն ու թոշակները, այլ մեր երեխաներն ու թոռները», - ասաց Բագրատյանը:

Գալուս Սահակյանը ներկայացրեց Հանրապետականների տեսակետը. - «Չենք ասել, որ գանք իշխանության, 3-4 ամիս հետո աշխատավարձերը 15 անգամ բարձրացնելու ենք: Հիմա մենք ասում ենք, սենց բաներ եք ասել, մենք այդ ծրագրում գրել ենք, եկեք գոնե մեր օժանդակությամբ, այն ինչ խոսք եք տվել ժողովրդին ձեր մասով, օգնենք ձեզ, ժողովրդին խոսք տվածը կատարեք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, թե իրականացնողները նոր մարդիկ չեն: Նրա խոսքով՝ միակ նոր դեմքը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, որին աշխատանքից ազատեցին նախագահի աշխատակազմի անդամին ծեծելու համար, եւ դա էլ ներկայացրին որպես կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ պայքար: ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, այսօր քննարկվում էր ոչ միայն ծրագրի հաստատման, այլեւ կառավարության վստահության հարցը:

«Արդյո՞ք մի կառավարություն, որը հօգուտ իրեն կեղծել է 500-700 հազար ձայն, կարո՞ղ է հաշվետու համարվել ժողովրդի առաջ: Ոչ, նման կառավարությունը հաշվետու է լինելու միայն այդ ընտրակեղծարարությունն ապահոված բոլոր տեսակի կոռումպացված պաշտոնյաների, տեղական կրիմինալ հեղինակությունների եւ ապօրինի տնտեսական մենաշնորհներից եւ արտոնություններից օգտվող օլիգարխների առջեւ», - ասաց Զուրաբյանը:

Չնայած հնչած բազմաթիվ քննադատական ելութներին, շատ ՀՀԿ-ականներ կարծիք հայտնեցին որ ծրագիրը ստացված է: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն անգամ հայտարարեց, թե այս ծրագիրը ժողովուրդն է հեղինակել: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը արտահերթ ելույթով հանդես եկավ եւ պատասխանեց կառավարության կազմի մասին ԲՀԿ-ից հնչած քննադատություններին:

«Քաղաքակիրթ երկրներում սկզբունքային տարաձայնությունները բերում են քաղաքական կուսակցությունների հայտարարությանը եւ կոալիցիայի դուրս գալուն, ինչի ականատեսը մենք եղանք նորանկախ պատմության մեջ վերջին չորս տարիներին միայն Հայ հեղափոխական դաշնակցության պարագայում: Ավելորդ է հիշատակել, որ չորս նախարարություն, 35 տոկոս պետական բյուջերի տնօրինում եւ այլն… խոսել հատվածական պատասխանատվության մասին այս պարագայում առնվազն անլուրջ է քաղաքական եւ քաղաքագիտական տեսանկյունից: Գալիք հինգ տարիների ընթացքում համակերպվեք խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, որովհետեւ հակառակ պարագայում մեր ձախողման դեպքում ձախողվելու եք բոլորդ», - զգուշացրեց Աշոտյանը:

Այսօր ՀՀԿ-ականները ակտիվ էին, խմբակցության ներկայացուցիչները պատասխանում էին երեկ ընդդիմության շարքերից հնչած քննադատություններին: Աչքի ընկան հատկապես ՀՀԿ համամասնական ցուցակում երեք տարբեր կուսակցությունների ղեկավարները՝ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Նրանք գովեցին կառավարության ծրագիրը, ընդդիմախոսներին հակառակ պնդումները անհիմն համարեցին:

Շատերը երեկ հայտարարել էին, որ ծրագրի իրականացման մեխանիզմները պակասում են: Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց՝ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, մանրամասն նկարագիր չի ենթադրում:

«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, թե իշխանական որոշ պատգամավորներ ընդդիմությանը որպես թշնամի են դիտում: Սա քաղաքական ամբիոն է, քծնանքի ամբիոն չէ, հայտարարեց նա եւ առաջարկեց հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, դրա ղեկավարումը տալ ընդդիմությանը: Դահլիճում ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից եղել են առաջարկներ. վարչապետն ասաց՝ դրանք գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում:

please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG