Մատչելիության հղումներ

Բրիտանացի մեկնաբան Սիմոն Կուպերի կարծիքով, Եվրամիությունը կայացել է... առնվազն ֆուտբոլի դաշտում։

Ֆուտբոլիստները համերաշխ են միմյանց հետ

Շատերն են տեսել այն կադրերը, որոնք պատկերել են Խարկովում խաղից հետո գրկախառնվող գերմանացի եւ հոլանդացի ֆուտբոլիստներին։

Հանդիպումը հաղթանակով ավարտած գերմանացիները եւ պարտված հոլանդացիները մեկ-մեկու հրաժեշտ են տվել իբրեւ բարեկամներ։

Մինչդեռ, Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը Գերմանիա-Հոլանդիա խաղից առաջ նախազգուշացրել է, թե երկու ազգերի միջեւ կա թշնամանք, որը պահպանվել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներից։

Financial Times-ի մեկնաբան Սիմոն Կուպերի փոխանցմամբ, Վենգերը սխալվել է, քանի որ որեւէ թշնամանք մարզիկները չեն դրսեւորել։

Առնվազն Արեւմտյան Եվրոպայի երկրների հավաքականների հարաբերություներում խաղերից հետո համերաշխություն է, ուստի, կա միացյալ եւ հաջողված Եվրամիություն, բայց ոչ թե տնտեսության բնագավառում, այլ ֆուտբոլի դաշտում։

Եվրո-2012-ի մեկ-քառորդ են անցել եվրոգոտու 6 երկրներ, գումարած Անգլիան եւ Չեխիան։

Եվրոգոտու հավաքականներն աշխարհի վերջին առաջնությունում գրավել են առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը։

Այսօրվա դրությամբ նրանք ֆուտբոլի տեսակետից ավելի հմուտ են, քան Արեւելյան Եվրոպան։ Եվրոգոտու տնտեսապես թույլ երկրների հավաքականները ֆուտբոլում հզոր են` Իսպանիան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է, ճգնաժամի մեջ գտնվող հույները հաղթել են ռուսներին։

Անգլիացիներն ու հույները սկսել են փոխել խաղի իրենց հին ոճը, առավել կարգապահ են, նախընտրում են ճշգրիտ եւ արագ փոխանցումներ։

Ժամանակին անգլիացիները ֆուտբոլում հայտնի էին որպես մարտնչող պինդ տղերք, իսկ իտալացիները` խճճված պաշտպանության խորամանկ վարպետներ։ Սակայն կիրակի օրը կայանալիք Անգլիա-Իտալիա խաղում երկու թիմերի ոճում այլեւս մեծ տարբերություն չենք տեսնի։

Անգլիա-Ֆրանսիա խաղում ֆրանսիացի Սամիր Նասրին գրավել է անգլիացի Ջո Հարթի դարպասը, իսկ հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթի» թիմի այդ երկու խաղացողները գրկախանվել են եւ երկար զրուցել։ Ի տարբերություն նախորդ առաջնությունների, Եվրո-2012-ը ավելի նման է ֆուտբոլի տոնահանդեսի։

Մեր օրերի խնդիրը ռասիզմն է

Դաշտից դուրս հրատապ թեման ռասիզմն է։ Խորվաթիան ՈԻԵՖԱ-ի կողմից տուգանվել է 60 հազար եվրոյով Գերմանիայի հետ հանդիպման ժամանակ երկրպագուների պարզած նացիստական կարգախոսի համար։

Նախքան առաջնությունը նացիստական դրսեւորումեր են եղել Ուկրաինայում, ինչի մասին բրիտանական BBC-ն է հաղորդել։

Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հրապարակավ են պայքարում ռասիզմի դեմ։ Նույնն էլ ԱՄՆ-ում է։

Եվ զարմանալի չէ, որ ամերիկյան լրատվամիջոցների համար քննարկման լուրջ թեմա էր դարձել Եվրո-2012-ում խորվաթ երկրպագուի կողմից Իտալիայի կազմում հանդես եկող սեւամորթ խաղացողի վրա բանան նետելու միջադեպը։

Այո, հարյուրավոր իսպանացի կամ խորվաթ երկրպագուներ նողկալի ռասիստական կարգախոսներ են հնչեցրել, սակայն դա անակնկալ չէ։ Արեւելյան եւ Հարավային Եվրոպան չեն ստացել հակառասիստական այն կրթությունը, որը տասնամյակներ շարունակ կա Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայում։

«Հիմարներ, ովքեր ուզում են ուշադրություն հրավիրել»

Սիմոն Կուպերի կարծիքով, կարեւոր է այն, որ երկրպագուների միջեւ լարվածությունն իրականում այդքան մեծ չի եղել։ Նույնիսկ Գերմանիա-Հունաստան հանդիպումը` անկախ տնտեսական հարցերում առկա սուր վեճերից, կանցնի խաղաղ մթնոլորտում։

Օտարերկրացի ջահել տղամարդիկ Ուկրաինայում եւ Լեհաստանում մեծ խմբերով այցելում են տեղական գինետներ եւ գարեջրատներ, շատ են խմում, հագուստի եւ դրոշների շնորհիվ նրանց կարող ես անմիջապես ճանաչել, նրանք սատարում են տարբեր երկրների ազգային թիմերին։

Թվում է, թե խոշոր բախումներ կլինեն, սակայն իրականում եղել է այդպիսի մեկ բախում, ընդ որում ոչ թե ռասայական` սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ, այլ ազգամիջյան` ռուսների եւ լեհերի միջեւ։

Լեհ ոստիկանները շատերին ձերբակալել են, իսկ վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է.- «Դա Ռուսաստանի եւ Լեհաստանի փողոցային պայքար չէր։ Դրանք ընդամենը մի քանի հարյուր հիմարներ էին, ովքեր ուզում էին ուշադրությունն իրենց վրա հրավիրել»։

Կուպերի կարծիքով, հարմոնիան, որը բնորոշ է Արեւմտյան Եվրոպայի ֆուտբոլի աշխարհին, դեռեւս չի հաստատվել ամբողջ մայրցամաքում։

XS
SM
MD
LG