Մատչելիության հղումներ

Կառավարությունը ցանկանում է այս ամառ 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել Սեւանից, որովհետեւ կանխատեսվում է, որ ամառը չոր է լինելու, իսկ Արարատյան դաշտավայրը սնուցող երկու ջրամբարները այս ամառ անցյալ տարվա համեմատ քիչ են լցված:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով, Ապարանի ջրամբարը անցյալ տարվա այս ժամանակահատվածի 91 մլն խորանարդ մետրի փոխարեն լցված է ընդամենը 28.31-ով, իսկ Ազատի ջրամբարը 14 մլն խորանարդ մետրով է պակաս լցված:

«Խնդիրը զուտ գյուղատնտեսական է, ոռոգման նպատակի հետ կապված է: Մենք խնդիր ունենք Սեւանա լճից ջուր վերցնելու` առկա ջրային պահանջարկը բավարարելու համար: Որեւէ այլ խնդիր դրված չէ», - ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսական վարչության պետ Մհեր Մկրտումյանը:

Բնապահպանները, մինչդեռ, փաստում են , որ 2012-ը, գոնե մինչեւ այսօր, տեղումներով առատ տարի է:

Հարցին, թե ինչու է տեղումներով առատ համարվող այս տարի ոռոգման ջրի նման մեծ՝ 517 մլն խմ պակաս առաջացել, Մկրտումյանը արձագանքեց. - «Ձնային կուտակումներ են եղել, բայց, ցավոք սրտի, այդ ձյան հալոցքը չուղեկցվեց անձրեւներով եւ սելավներով, որպեսզի այդ ջուրը տեղափոխվի ջրամբարներ: Արդյունքում ջրի մի մասը ներծծվեց հողի մեջ, գոլորշիացավ»:

Ոռոգման ջրի պակասով անհանգստացած՝ կառավարությունը առաջարկել է Ազգային ժողովին համապատասխան փոփոխություններ կատարել Սեւանին վերաբերող երկու օրենքներում, որպեսզի կարողանա այս տարի Սեւանից բաց թողնել ցանկալի 320 մլն խորանարդը` այս պահին օրենքով թույլատրելի 150 միլիոնի փոխարեն:

Երեկ կառավարության առաջարկը քննարկել է եւ հավանության է արժանացրել Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը՝ միայն նշելով, որ կարելի է բաց թողնել մինչեւ 320 մլն խորանարդ մետր ջուր:

Բնապահպան Ինգա Զառաֆյանը կառավարության բացատրությունը անհավանական է համարում. - «Միջին վիճակագրական տարի է, ջրաբանական առումով ոչ մի շեղում չկա: Մենք ոչ էլ ավելացրել ենք ցանքատարածքները, որ ասենք ավելորդ ջուր է պետք: Ոչ էլ փոխել ենք կուլտուրաների կազմը, որ հանկարծ ջրապահանջ կուլտուրաներ ունենանք: Այդ բոլորը միամիտ պնդումներ են»:

Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը նշում է, որ իրենք փորձում են հասկանալ, թե որն է կառավարության այս որոշման իրական պատճառը: Նրանք շրջանառում են ջուրը բաց թողնելու երկու հավանական պատճառ. առաջինը Սեւանի ափի հյուրանոցներն ու թանկարժեք ամառանոցները ջրի տակ անցնելուց փրկելն է, ինչը կառավարության ներկայացուցիչը, իհարկե, հերքում է:

«Նման խնդիր չկա: Խնդիրը զուտ գյուղատնտեսական է», - պնդում է Մհեր Մկրտումյանը:

Ջուրը բաց թողնելու հաջորդ հավանական պատճառը, ըստ բնապահպանների, կարող են լինել Արարատյան դաշտավայրի բազմաթիվ ձկնաբուծարանները, որոնք զգալի քանակով ջրի կարիք ունեն:

Ինչ կլինի Սեւանի հետ, եթե 320 մլն խմ ջուր բաց թողնվի, բնապահպանները դժվարանում են ասել, քանի որ բնական էկոհամակարգերը շատ անկանխատեսելի են: Սեւանի մակարդակը 1900 մ 13 սմ-ից կարող է իջնել ավելի քան 10 սմ-ով: Բացի այդ, եթե այս տարի, բնապահպանների ձեւակերպմամբ` առանց լուրջ պատճառի այդքան ջուր բաց թողնեն, ապա նույն կերպ կվարվեն նաեւ հաջորդ տարիներին, ինչը կարող է շատ վատ հետեւանքներ ունելա լճի համար:

Էկոլոգիական դաշինքը պատրաստվում է պայքարել, որպեսզի կառավարության առաջարկը չհաստատվի ԱԺ-ի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG