Մատչելիության հղումներ

Օսկանյանը հուսով է, որ գործը կկարճվի


Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործը կկարճվի:

Մինչ ԱԱԾ-ն շարունակում է «Սիվիլիթաս»-ին վերագրվող փողերի լվացման գործի քննությունը, Օսկանյանն ակնկալում է, որ Գլխավոր դատախազությունը կկարճի այդ գործը: Նա արդեն դիմել է գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

«Հույս ունենք, որ կկարճվի, որովհետեւ, ինչպես փաստաբանը հիմնավորում է, այստեղ հիմքեր չկան: Եվ ինչքան շուտ կարճվի, կարծում եմ, որ այդքան արագ այս հարցը կփակվի», - ասաց «Սիվիլիթաս»-ի հիմնադիրը` շարունակելով. - «Սա մի գործընթաց է, որ սկսել են ինձ համար գոնե անհասկանալի պատճառներով, եւ այս հարցը ես դիտարկում են քաղաքական հարթության վրա: Ի՞նչ կանեն, մինչեւ ո՞ւր կտանեն, հավատացեք, որ արդեն ինձ չի հետաքրքրում»:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Օսկանյանի դիմումը ստացվել այսօր ժամը 16-ին, եւ դրան ընթացք կտրվի` օրենքով նախատեսված կարգով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Օսկանյանը «անտեղի» որակեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի` օրերս արած հայտարարությունը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, հիշեցնենք, Հակոբյանը ցուցմունք տալուց Օսկանյանի հրաժարվելը համեմատել էր «մաֆիոզ-կլանային կառույցի» ներկայացուցչի վարքագծի հետ:

«Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց տարօրինակ չէ՞, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն իրենց համար ընտրում են մաֆիոզ-կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից կարող եմ ասել, որ նման քայլի, որպես կանոն, գնում են բացահայտման վտանգի հետեւանքները զգացող մարդիկ», - մասնավորապես, ասել էր Գորիկ Հակոբյանը:

«Ես ընդհանրապես այդ ամբողջ հարցազրույցը չհասկացա: Այնտեղ ի՞նչ էր ուզում ասեր, այդ համեմատությունը գտնում եմ, որ շատ անտեղին էր: Առավել եւս, որ ԱԱԾ-ի ղեկավարը, կարծում եմ, որ նման հարցազրույցով հանդես չպետք է գար: Իմ սահմանադրական իրավունքն է ցուցմունք չտալ: Դա ես կորոշեմ իմ փաստաբանի հետ, ոչ ոք դրա վրա չի կարող ազդել», - այսօր ասաց Օսկանյանը:

Նրան, ի դեպ, վաղը կրկին հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության:

«Որպես վկա են կանչել», - ասաց Օսկանյանը: - «Կգնամ: Իրավաբանի հետ դեռ չենք խոսել ցուցմունք կտամ, թե չէ, հետո կորոշենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG