Մատչելիության հղումներ

logo-print

ՀԲ-ի ներկայացուցիչը կարծում է` «7 տոկոս աճը հասանելի է» Հայաստանի համար


Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամ

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամ

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը հինգշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե միջազգային ֆինանսատնտեսական զարգացումներն ու Հայաստանում առկա տնտեսական միջավայրն են պատճառը, որ Համաշխարհային բանկը նվազեցրել է Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը:

Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» անցած շաբաթ հրապարակված կիսամյակային զեկույցում 0.2 տոկոսային կետով նվազեցվել է Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը: Եթե այս հունվարին բանկը կանխատեսել էր, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2012 թվականին կաճի 4.3 տոկոսով, նոր զեկույցում այդ թիվն արդեն 4.1 տոկոս է: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի տնտեսական աճ կանխատեսումը ՀԲ-ի կողմից նվազեցվել է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է նվազեցվել միայն Հայաստանի տնտեսական աճ կանխատեսումը, Ասադ Ալամը արձագանքեց. - «Գլոբալ տնտեսական զարգացումներն օր օրի փոխվում են, գլոբալ կանխատեսումները նույնպես օր օրի փոխվում են: Այն, ինչ մենք կանխատեսում ենք Հայաստանի համար, մեծապես կախված են եվրոպական, ամերիկյան տնտեսական աճի կանխատեսումներից եւ հայաստանյան արտահանման համար կարեւոր շուկաների աճի կանխատեսումից: Կանխատեսումների առումով մենք նաեւ հաշվի ենք առնում Հայաստանում առկա տնտեսական միջավայրը եւ ներքին [տնտեսական] քաղաքականությունը: Եվ ամենավերջին տեղեկատվության լույսի ներքո այս ամենը անընդհատ թարմացվում է»:

Օրերս ելույթ ունենալով նորանշանակ կառավարության առաջին նիստում` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2012 թվականի համար կառավարության գործունեությունից առաջնային ակնկալիքը 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: Նշենք, սակայն, որ այս տարվա պետական բյուջեով նախատեսված է 2012-ին ապահովել 4.2 տոկոս տնտեսական աճ:

Հարցին, թե որքա՞ն իրատեսական է համարում 7 տոկոսով տնտեսական աճի ապահովումը, Ասադ Ալամը պատասխանեց. - «Ես ինքս շատ հետաքրքրությամբ կարդացի նախագահի այդ հայտարարությունը 7 տոկոս աճի վերաբերյալ: Մենք ունենք այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, այստեղ արդեն երեւում է 4.7 տոկոս տնտեսական աճ: Մենք սպասում ենք նաեւ հունիսի վերջի տվյալներին, եւ ակնկալում ենք, որ հունիսի վերջի տվյալներով տնտեսական աճը ավելի բարձր կլինի: Կարծում եմ, որ առաջին եռամսյակի աճի շարժիչ ուժը եղել են արտահանումը եւ արդյունաբերությունը: Ես գտնում են, որ 7 տոկոսանոց տնտեսական աճը հասանելի է, սակայն այն կախված է նրանից, թե կառավարությունը ի՞նչ կանի այս տարվա մնացած ամիսներին եւ թե գլոբալ տնտեսական վիճակը ինչպիսին կլինի»:

Մոտ երկուս ու կես տարի առաջ` 2009-ի հոկտեմբերին, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան հայտարարել էր, թե «Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, եւ անհրաժեշտ է ինչ-որ բան անել»:

Օկոնջո-Իվիլայի այդ հայտարարությունից հետո հայաստանյան տնտեսության օլիգոպոլ կառուցվածքի մասին թեման, այսպես ասած, մտավ շրջանառության մեջ: Դրա մասին սկսեցին խոսել անգամ Հայաստանի կառավարությունում` անցած տարիների ընթացքում բազմիցս խոստանալով վճռական քայլեր ձեռնարկել օլիգոպոլիաների դեմ պայքարում:

Այսօր Ասադ Ալամին հարցրեցինք, թե որպես Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն` ինչպե՞ս կգնահատի օլիգոպոլիաների դեմ Հայաստանի իշխանությունների պայքարի արդյունավետությունը:

«Կարծում եմ, որ տնտեսության մրցակցության ցածր մակարդակը լուրջ խնդիր է, եւ սա Հայաստանի կառավարության համար մնում է լուրջ մարտահրավեր: Կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակի մրցակցությունը եւ տնտեսության բաց լինելը տնտեսական ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար կարեւոր գործոններ են, դրանք նաեւ չափազանց կարեւոր են հարկային հավաքագրումները ավելացնելու համար, ինչպես նաեւ երկրի կողմից պետական ներդրումները, պետական ծառայությունները ֆինանսավորելու համար: Եվ սա այն է, ինչ որ միջազգային փորձն է ցույց տալիս: Ավելի մեծ մրցակցությունը եւ շուկայի կառուցվածքի բարելավումները կարող են շատ մեծ դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի ու աղքատության կրճատման վրա», - ասաց Ալամը:

Ի դեպ, Համաշխարհային բանկը նոր տարածաշրջանային տնօրեն է նշանակել: Նորանշանակ տնօրենը Հենրի Քերալն է, ով իր պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին: Նա այսօր ներկայացվեց հայ լրագրողներին: Քերալն ասաց, թե շատ ուրախ է Հարավային Կովկասում աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ հավելեց, թե կարծում է, որ առաջիկա մեկ տարում` մինչեւ 2013 թվականի հուլիս ամիսը, բանկը մոտ 200 միլիոն դոլարի նոր վարկեր կտրամադրի Հայաստանին:

Նշենք, որ անցած շուրջ 20 տարիների ընթացքում ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 1.6 միլիարդ դոլարի վարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG