Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկումը «արտառոց երեւույթ չէ»


Վարդան Արամյան
Վարդան Արամյան
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի գնահատմամբ, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի արդեն տեւական արժեզրկումը արտառոց երեւույթ չէ: Ըստ փոխնախարարի, այստեղ էական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության աճի դրական տեմպերը:

«Եթե մեր տնտեսական տեմպերը շատ ավելի արագ են, քան մեր գործընկեր երկրների աճի տեմպերը, բնականաբար, մենք պետք է ունենանք փոխարժեքի արժեվորման ճնշում: Դա նորմալ է, որովհետեւ պահանջը դոլարի նկատմամբ բարձրանում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փոխնախարարը:

Ըստ Վարդան Արամյանի, դրամի արժեզրկման վրա էական ազդեցություն են ունենում նաեւ գլոբալ զարգացումները, մասնավորապես, փոխնախարարը մատնացույց է անում ԱՄՆ դոլարի արժեքի բարձրացումը ողջ աշխարհում:

«Մենք լուսնի վրա չեն, մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, եւ ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում որեւիցե փոխանցման ուղիով մեզ վրա պետք է ազդի: Հիմա այս գործոններից որը ավելի շատ կլինի եւ կհակակշռի, դա արդեն դժվար է կանխատեսել», - ասաց նա:

Այսօր Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը 417 դրամ սահմանեց: Տարադրամի փոխանակման կետերում դոլարի վաճառքը այսօր 420 դրամի շրջանակներում էր: Ֆինանսների փոխնախարարի վստահեցմամբ` Կենտրոնական բանկը այստեղ անելիք չունի:

«Կենտրոնական բանկը երբեք դեմ չի գնացել ամբողջ աշխարհի զարգացումներին, որովհետեւ դա անհեթեթություն է: Եթե ամբողջ աշխարհը արժեզրվում է ԱՄՆ-ի դեմ, Հայաստանը չի կարող արժեվորվել կամ մնալ նույնը», - ասաց փոխնախարարի:

«Օրակարգ» թերթի տնտեսական մեկնաբան, տնտեսագետ Արմենակ Չատինյանը, սակայն, պնդում է, որ Կենտրոնական բանկը միջամտում է, փորձում է զսպել արժեզրկումը: Տնտեսագետը հիշեցնում է, որ դրամի արժեզրկումը սկսվեց անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ մինչ այդ, ըստ Չատինյանի, զգալի գումար էր ծախսվել:

«Միայն մայիս ամսից մինչ օրս Կենտրոնական բանկը բորսայում վաճառել է մոտ 76 միլիոն դոլար, այն դեպքում, երբ տարվա կտրվածքով մենք առհասարակ վաճառել ենք 100 միլիոն: Մեկ ու կես ամսվա ընթացքում մենք վաճառել ենք ամբողջի 80 տոկոսը: Բայց նույնիսկ նման գումար վաճառելով՝ Կենտրոնական բանկին չի հաջողվել վերացնել այդ լարվածությունը», - ասաց տնտեսագետը:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
Ըստ փոխնախարար Վարդան Արամյանի, այն շարքային սպառողները, ովքեր դրսից են տրանսֆերտներ ստանում, դրամի արժեզրկման արդյունքում շահում են:

«Նրանց եկամուտները մեծանալու է անվանական արժեքով: Այսինքն նրանք կարող են ավելի մեծ սպառումներ թույլ տալ: Եթե իմ եկամուտը դրամային է, ես պետք է նայեմ ոչ թե փոխարժեքին, այլ գնաճին: 12-ամսյա գնաճը 0.5 տոկոս է: Մինչեւ տարեվերջ Կենտրոնական բանկը թիրախավորում է 4 տոկոս: Սա է կարեւոր», - ասաց Արամյանը:

Տնտեսագետը կրկին հակադարձում է. Չատինյանը դրամի արժեզրկման եւ գնաճի միջեւ ուղիղ կապ է տեսնում՝ պնդելով, որ հարվածը հենց առաջին հերթին սպառողների գրպանին է:

«Ապրանքային շուկաների մեծ մասը կենտրոնացված է մի քանի տնտեսվարողների ձեռքում, եւ նրանք գերիշխող դիրք են զբաղեցնում: Տեղի է ունենում միանգամից գների աճ: Ընդ որում գների աճը շատ դեպքերում համադրելի չէ փոխարժեքային տատանումներին: Արդյունքում նույնիսկ բնակչության այն մասը, որը դրսից տրանսֆերտներ է ստանում, նույնպես տուժում է», - ասաց Չատինյանը:

Ֆինանսների փոխնախարարը խորհուրդ տվեց արժեզրկումը համեմատել այլ երկրներում տեղի ունեցող նույն գործընթացի հետ՝ համոզվելու համար, որ մտահոգվելու կարիք չկա: Իսկ Չատինյանը պնդում է՝ մեկ ամսում ութ տոկոսով դրամի արժեզրկումը ծանր հետեւանքներ կարող է ունանալ Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերի վարկային փաթեթի կեսից ավելին դոլարով է, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ արժեզրկման այս փուլում:

«Եթե ինքը վերցրել է դոլարային վարկը ենթադրենք 15 տոկոսով, ապա այս ժամանակահատվածում միայն ութ տոկոս դրամի արժեզրկման պայմաններում այդ վարկը 23-24 տոկոս է դառնում, եւ հետագա նման տատանումների դեպքում այդ վարկը իր վրա գնալով ծանրանալու է», - ասաց տնտեսագետը:

Ֆինանսների փոխնախարարը եւ տնտեսագետը դժվարացան կանխատեսել՝ կշարունակվի դրամի արժեզրկումը, թե՝ ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG