Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին


Հայկական կողմը ադրբեջանցի գերուն հանձնում է Ադրբեջանի իշխանություններին, արխիվային լուսանկար

Հայկական կողմը ադրբեջանցի գերուն հանձնում է Ադրբեջանի իշխանություններին, արխիվային լուսանկար

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովում հույս ունեն, որ երեք տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանը կվերսկսի համագործակցությունը` համաձայնվելով մասնակցել հայկական կողմի հետ հանդիպմանը: Այժմ հայկական կողմը սպասում է Ադրբեջանի իշխանությունների արձագանքին` երրորդ երկրում հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հայաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով վերջնական տեսքի է բերել ակնկալվող հանդիպման աշխատանքային օրակարգն ու այն մայիսին պաշտոնապես փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

2009 թվականին Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կարմիր Խաչի միջոցով Ադրբեջանին առաջարկել էր հանդիպել երրորդ երկրում: Ադրբեջանի հանձնաժողովն այս առաջարկին միայն երեք տարի անց է արձագանքել` հավանություն տալով դրան, թեեւ Ադրբեջանի նախնական համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ չկա:

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչը, որն էլ համաձայնել է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ակնկալվող հանդիպման կազմակերպմանը: Հանդիպման նպատակն է քննարկել ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական հարցեր: Մասնավորապես, Հայաստանն ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ մտադիր է անդրադառնալ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհայտ կորածների, գերեվարված անձանց, ինչպես նաեւ զոհված մարտիկների աճյունները ետ վերադարձնելու հարցերին:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատներին, որոնց անդամների մահվան վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին 2008-ին: «Արաբո» ջոկատի անդամների մահվան վերաբերյալ կադրերը հայտնվել էին համացանցում: Մինչ այդ նրանք անհայտ կորածների շարքերում էին: Նրանց աճյունները Հայաստան վերադարձնելու նպատակով հայկական կողմը դիմեց Ադրբեջանին, բայց այդպես էլ պատասխան չստացավ:

«2008 թվականին տեղեկություններ ստացանք «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների ազատամարտիկների թաղման վայրի վերաբերյալ: Տեսանյութ էր կար: «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ ինֆորմացիան ամփոփելուց, համակարգելուց հետո, երբ լրիվ ամբողջական պատկերը ունեցանք տեղի ունեցած իրադարձությունների մասին, մենք պաշտոնապես տարբեր խողովակներով դիմեցինք Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` արտաշիրիմում կատարելու եւ աճյունները հայրենիք վերադարձնելու համար», - պատմեց Կապրիելյանը:

Հայկական կողմն Ադրբեջանի հետ մտադիր է քննարկել նաեւ ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածների խնդիրները, որոնք ներառում են նրանց որոնման, հայտնաբերման, ետ վերադարձնելու աշխատանքները:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության տվյալներով, Հայաստանից անհայտ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից՝ 449-ի:

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ հայկական կողմը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ անհայտ կորածներից 90-ը կենդանի են: Նրանց վերաբերյալ վերջին տեղեկությունները ստացվել են 2005 թվականին: Ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ նաեւ այս հարցն է հստակեցվելու:

«Տարբեր տարիներին ստացված ինֆորմացիա կա տարբեր անձանց վերաբերյալ, որ ողջ են, գերիության մեջ են, որոշ անձանց վերաբերյալ ինֆորմացիայի ստացման պահին իրենց գտնվելու վայրերն են ասվել… համենայնդեպս, մենք պարտավոր ենք դա ստուգելու, իսկ ինչպե՞ս ստուգենք, եթե բացարձակապես բացակայում է համագործակցությունը ադրբեջանական հանձնաժողովի հետ», - ասում է Կապրիելյանը:

Կապրիելյանը նշում է, որ իրենք մարդասիրական հարցեր են բարձրացնում, որոնց ավելի քան երեք տարի է Ադրբեջանի հանձնաժողովն անպատասխան է թողնում: Կապրիելյանը ասում է` Ադրբեջանի հանձնաժողովի աշխատանքը քաղաքականացված է:

«Այսինքն քաղաքական քարոզչությամբ եւ ապատեղեկատվությամբ են զբաղվում, իսկ լուրջ մարդասիրական աշխատանք բացարձակապես չի տանում», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG