Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու:

Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2 ձերբակալվածները նույնպես ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցներ են։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ձերբակալվել են ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել 5 մարդ, որոնցից երեքը զինվորական բժիշկներ են:


«Գործի քննությունը չի կարող ուղղորդվել»

Միջադեպին այսօր անդրադարձել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` վստահեցնելով, թե գործի քննությունը չի կարող որեւէ մեկի կողմից ուղղորդվել:

«Ինձ ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշակի կասկած կա, որ գործը կարող է ուղղորդվել: Զեկուցեմ ձեզ. գոնե այս ամիսների ընթացքում ոստիկանությունը իր գործունեությամբ ապացուցել է, որ ուղղորդվող չկա, մենք զորբայություն չենք ընդունում: Եվ կարճ լինելու համար կասեմ` Աստված թող մեր արդարությամբ մեզ դատի, իսկ մեր վրա կասկածողներին թող ողորմա ու ների: Մենք գնում ենք երեւույթների, ոչ թե անձերի հետեւից», - ասել է ոստիկանապետը եւ շարունակել. - «Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատեր է: Եվ հաստատ իմացեք, որ ցանկացած պարագաներում ոստիկանությունը, եթե որեւիցե մեկի մեղքը տեսնի` անկախ անձից, անկախ զբաղեցրած դիրքից, օրենքի առաջ պետք է պատասխան տա: Այս պարագաներում սին եմ համարում խոսակցությունները կապված սեփականատիրոջ հետ»:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է նաեւ այն խնդրին, թե ինչու էր ոստիկանությունում հարուցված քրեական գործը ուղարկվել պաշտպանության նախարարություն, իսկ մեկ օր անց Գլխավոր դատախազը կրկին որոշել էր այն ուղարկել ոստիկանություն. - «Քննական ժամանակահատվածում, երբ Խորհրդային շրջանի դատախազին զեկուցել են, հայտարարությունը տրվել է «Հարսնաքար» համալիրի ադմինիստրացիայի կողմից, որ ռեստորանում տեղի է ունեցել դեպք: Հայտարարությունը ընդունել են եւ Խորհրդայինի դատախազը, համարելով, որ նրանք զինծառայողներ են, գործը ուղղորդվել էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն: Սակայն առավոտյան մենք դատախազի հետ խոսեցինք, եւ գործը վերադարձվեց ոստիկանություն, որովհետեւ հիմնավորվեց մեր օպերատիվ տվյալները: Գործը տեղափոխվեց մեր մոտ, եւ իմ հանձնարարությամբ գործը գտնվում է Քննչական գլխավոր վարչության վարույթում: Կասկածները մի կողմ դրեք, մեր պարագաներում կասկածներ չեն կարող լինել. գործը գնում է օբյեկտիվ, ճշմարիտ եւ թափանցիկ»:

Մինչդեռ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը այսօր խորհրդարանում հրաժարվեց անդրադառնալ «Հարսնաքար»-ի միջադեպին՝ նշելով որ նախաքննություն է ընթանում եւ ինքը կխոսի միայն դրա ավարտից հետո։

Հիշեցնենք, հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել: Նրանցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան երկու անգամ վիրահատել են` փորձելով կանխել ուղեղի այտուցումը: Զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «որեւէ փոփոխություն չկա», եւ Վահեյի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Հարսնաքար»-ի միջադեպը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել են արդեն մի քանի նախաձեռնություններ: Մասնավորապես, օգտատերերի մի մասը պահանջում է պատժել տեղի ունեցածի բոլոր մեղավորներին, ոմանք էլ կոչ են անում ընդհանրապես բոյկոտել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:

Տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել Վահե Ավետյանի գործընկերները` Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի անդամները:

«Դիմում ենք բոլոր պատկան մարմիններին. բարեխղճորեն աշխատել` բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատժելու համար` ապահովելով գործընթացի առավելագույն անաչառություն եւ թափանցիկություն, ինչը տեղի չի տա բողոքի ծայրահեղ դրսեւորումների», - ասված է հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG