Մատչելիության հղումներ

Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է Գլխավոր դատախազին


Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյան, արխիվ

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյան, արխիվ

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։

Օսկանյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ներկայացրած բողոքում իրենք Գլխավոր դատախազին խնդրում են «վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»։

Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը, հիշեցնենք, մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

«Որպեսզի լինի փողերի լվացման հանցակազմ, պետք է լինեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողեր։ Փողերի լվացման հանցակազմը ինքնուրույն գոյություն չունի, նրան անպայման պիտի նախորդի որեւէ հանցագործություն, որի արդյունքում առաջացել է այդ գումարը», - պարզաբանում է Տիգրան Աթանեսյանը, - «Այստեղ դա չկա։ Ամեն ինչ պարզ է՝ ինչ փող եկավ, որտեղ գնաց, ում գնաց, ինչու գնաց։ »։

Ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, որ Միացյալ Նահանգներում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարների մի մասը բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։ Բացի այդ, «Սիվիլիթասը» անցած տարի հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, օգտագործած միջոցների եւ այդ բարեգործական նպատակներով հատկացված այդ մոտ 2 միլիոն դոլարի վերաբերյալ։

«Սա պարզապես հարկային օրենսդրության բացարձակ չիմացության հետեւանք է։ Իրենք չեն էլ ստուգել, չեն էլ խորհրդակցել հարկային ոլորտի մասնագետների հետ», - պնդում է Տիգրան Աթանեսյանը։

«Թաքցնելու բան չկա»


Վարդան Օսկանյանը ցանկանում է հրապարակել այդ գործարքների, գումարների շարժի վերաբերյալ իրենց բոլոր փաստաթղթերը։ Քանի որ քրեական գործի հարուցման պահից դրանք համարվում են հրապարակման ոչ ենթակա, Օսկանյանը համապատասխան թույլտվություն ստանալու համար դիմել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։

«Ոչ մի գաղտնի բան, ոչ մի թաքցնելու բան չկա։ Հասարակության մասնակցությունը նման քննարկմանը, ամեն դեպքում, օգուտ է։ մենք խոսում ենք քաղաքական գործչի մասին, քաղաքական գործչի ապագայի, նաեւ անցյալի մասին։ Նա պատրաստ է այդ ամենը ցույց տալու», - ասում է Օսկանյանի լիազոր ներկայացուցիչը։

Վարդան Օսկանյանը հիշեցնենք, գործի հետեւում քաղաքական պատվեր է տեսնում:

Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, նրա այդ պնդումները համարում է «հանրության ուշադրությունը շեղելու փորձ»։

ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը, մասնավորապես, օրերս հայտարարել է, թե փորձառու դիվանագետը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, փորձել է քաղաքականացնել քրեական գործը:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն էր հայտնել ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը՝ իր կուսակից ընկերների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար եւ անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների եւ փաստաբանների խումբ, ինչի մասին տեղեկացանք կուսակցության հաղորդագրությունից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG