Մատչելիության հղումներ

logo-print

Նոր հույս անհայտ կորածների ընտանիքների համար


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նախաձեռնությունը նոր հույսեր է արթնացրել ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած Գուրգեն Չիլինգարյանի ընտանիքում:

Արարատի մարզի Վեդի քաղաքում ապրող ընտանիքում հավատում են, որ Կարմիր Խաչի օգնությամբ ի վերջո կպարզեն արդեն քսան տարի անհայտ կորած Չիլինգարյանի ճակատագիրը:

Կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը նախապատրաստվում է կենսաբանական նմուշի վերաբերյալ տվյալներ հավաքագրել ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածների արյունակիցներից: Նմուշներ կվերցվեն կամ թքից կամ արյունից, ձեւը առայժմ հստակեցված չէ: Տվյալների հավաքագրումը կսկսվի այս տարի: Կոմիտեի տվյալներով` Հայաստանից անհայտ կորածների թիվը հասնում է 407-ի, Լեռնային Ղարաբաղից՝ 449-ի, Ադրբեջանից՝ 3710-ի:

Անհայտ կորած Գուրգեն Չիլինգարյանի ընտանիքում պատրաստ են կենսաբանական նմուշներ հանձնել, որպեսզի ձերբազատվեն քսանամյա անորոշությունից: Չիլինգարյանի կինը` Սեդա Դեմիրճյանն, առանց հուզմունքի չի կարողանում խոսել իրենց սպասումների մասին:

«Ինձ միշտ թվում է, թե հեսա կգա, ու պատկերցանում եմ, թե հանկարծ էրեխեքին ուզենանք ամուսնացնենք, ինքը էդ ժամանակ գա: Հույսով սպասում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը:

Նա պատմում է, որ ամուսնու ջոկատից 3 զինվորների դի են բերել, իսկ 8 զինվորներն անհայտ կորել են Լաչինում: Չիլինգարյանի երեխաներն արդեն մեծացել են: Մեծ որդին Ռուսաստանում է աշխատում, որպեսզի հոգա ընտանիքի հոգսերը, դուստրն ամուսնացել է, երեխաներ ունի: Փոքր որդին` 22-ամյա Արտակը, հորը չի հիշում եւ նրան ճանաչում է միայն լուսանկարներից: Նա երկու տարեկան էր, երբ հայրը պատերազմ գնաց:

«Բայց երեւի ամենամոտիկը ես եմ… ոնց որ միշտ իմ հետ է եղել ու հիմա էլ տենց է», - ասում է Արտակը:

«Ես մինչեւ հիմա էլ սպասում եմ, որովհետեւ շատ դեպքեր են եղել, որ նույնիսկ 40-50 տարի է անցել, որ անհայտ կորած մարդը եկել է, կամ տեղեկություն են ունեցել, որ Գերմանիայում կամ ինչ-որ մի ուրիշ տեղ է», - շարունակում է մայրը, ցույց տալով նորոգման կարիք ունեցող իր բնակարանը, խոսում չիրականցված երազանքներից ու ասում, որ եթե ամուսինն այստեղ լիներ, ապա իրենց կյանքն այլ կերպ կդասավորվեր:

Դեմիրճյանը տարիներ առաջ ամուսնուն մահացած է ճանաչել, որպեսզի օգտվի պատերազմում զոհվածների համար նախատեսված սոցիալական օգնությունից: Ղարաբաղյան պատերազմի հետեւանքով անհայտ կորածների վերաբերյալ հատուկ օրենք չկա: Որպեսզի այդ ընտանիքները կարողանան սոցիալական աջակցություն ստանալ պետությունից, անհրաժեշտ է զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակ ձեռք բերել: Դեմիրճյանը հենց այդպես էլ վարվել է, քանի որ դժվար էր միայնակ երեք երեխա մեծացնել:

Ընտանիքն անցած տարի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է տրամադրել Գուրգեն Չիլինգարյանի ֆիզիկական տվյալները: Այս, ինչպես նաեւ հավաքագրվելիք կենսաբանական նմուշի տվյալները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կփոխանցի հակամարտող կողմերի իշխանություններին: Դա հնարավորություն կտա հետագայում իրականացնել արտաշիրիմում` յուրաքանչյուրն իր տարածքում որոնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած ցուցակներում առկա անհայտ կորած մարդկանց:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ այս տվյալները կօգնեն հակամարտության կողմերին վերջնականապես պարզելու անհայտ կորածների ճակատագիրը: Եվ որքան շուտ հավաքագրվեն կենսաբանական նմուշներն անհայտ կորածների արյունակիցներից, այնքան լավ: Աստաբացյանը նկատի ունի այն, որ հարազատներից շատերն արդեն ծեր են:

«Երբ կողմերը համաձայնության գան այդ գործընթացը սկսելու, այս բոլոր տվյալները կօգտագործվեն իդենտիֆիկացիայի համար: Տվյալների հավաքագրումը պետք է անցկացնել հիմա, որովհետեւ ժամանակը գնում է, եւ մի առ ժամանակ հետո միգուցե այս ծավալով այդ տվյալների հավաքագրումը հնարավոր չլինի», - ասում է Աստաբացյանը:

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն էլ ասում է, որ անհայտ կորածների խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Սակայն, Կապրիելյանի խոսքով, Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG