Մատչելիության հղումներ

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում չորս օր առաջ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը, ձերբակալվել են ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, մեկ մենեջեր եւ մեկ մատուցող։

Ձերբակալվածների թվում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակից Գարիկ Մարգարյանը, ում լուսանկարները մամուլը երեկ արդեն հրապարակել էր` նշելով, որ հիմնականում նա է զինվորական բժիշկներին ծեծի ենթարկել:

Հիշեցնենք, հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել: Նրանցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան երկու անգամ վիրահատել են` փորձելով կանխել ուղեղի այտուցումը: Այսօր Զինվորական հոսպիտալից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Այսպիսով, դեպքից միայն չորս օր անց ոստիկանությունը ձերբակալեց չորս մարդու: Նկատենք, սակայն, որ ծեծի ենթարկված բժիշկ Արտակ Բայադյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ իրենց դաժան ծեծի են ենթարկել մոտ 15 հոգով:

«Հայրապետյանը ինչո՞վ է մեղավոր»

Երեքշաբթի օրը այս միջադեպին արձագանքել էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` «անթույլատրելի» եւ «որեւէ արդարացում» չունեցող» համարելով այն: Նա հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր հանցագործները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Հայրապետյանն այսօր խորհրդարան չէր եկել. փոխարենը այնտեղ էր ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` գործարար Սամվել Ալեքսանյանը, ով Հայրապետյանի մտերիմ ընկերն է: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Հարսնաքար»-ում տեղի ունեցածը, Ալեքսանյանը պատասխանեց. - «Վատ բան է եղել, բայց Հայրապետյանը ինչո՞վ է դրա համար մեղավոր: Ցավդ տանեմ, ուրեմն ես էլ աշխատողներ ունեմ, բարեկամներ ունեմ, հիմա իմ բարեկամները, աշխատողները ինչ անեն, ես պետք է պատասխա՞ն տամ դրա համար: Եթե Հայրապետյան Ռուբոյի տղան մի վատ բան կանի, դա ուրիշ բան»:

Ալեքսանյանն ասաց, թե Հայրապետյանը «շատ ուժեղ ջղայնացել է» դեպքի կապակցությամբ եւ արդեն իսկ աշխատանքից հեռացրել է մեղավորներին:

Հարցին, թե իր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այդ դաժանությունը, երբ մարդուն կարող են այնքան ծեծել, մինչեւ նա մահամերձ լինի, Ալեքսանյանը պատասխանեց. - «Դե, ես չեմ կարա ասեմ, ես քաղաքում չեմ եղել»:

«Իսկ կարելի՞ է ասել, որ Երեւանում այլեւս անվտանգ չէ, անգամ ռեստորաններում են մարդկանց ծեծի ենթարկում», - նկատեցին լրագրողները: Գործարար պատգամավորը, ի պատասխան այդ հարցի, լրագրողներին հրավիրեց իրեն պատկանող ռեստորան:

«Դուք կարաք գաք մեր ռեստորան, ոչ մեկդ էլ ծեծի չեք ենթարկվի», - վստահեցրեց Ալեքսանյանը. - «Ճիշտն ասած, առաջին օրերին, երբ բացվել էր ռեստորանը, հենց նման դեպքեր սկսեցին լինել, մենք կանխեցինք»:

«Երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարությամբ հանդես եկավ, որը շատ ազնիվ էր եւ կարգին հայտարարություն էր: Իսկ ինչ վերաբերում է այդ երեւույթին, մասնավորապես բանակի սպայի նկատմամբ նման երեւույթը մեզ համար ոչ միայն դատապարտելի է, այլ ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ», - կատարվածի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե ինքը չի կարծում, որ դաժանության նման դրսեւորումները անպատժելիության արդյունք են:

«Որովհետեւ եթե նման դեպք է կատարվում, բնականաբար, բոլորն էլ պատժվում են: Եվ կպատժվեն այս անգամ: Մասնավորապես նշում եմ` դա սպայի նկատմամբ է կատարվել, զինվորի նկատմամբ: Ավելի խիստ է լինելու», - փաստարկեց Գալուստ Սահակյանը:

Այսօր միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը` խստորեն դատապարտելով «ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսեւորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա»:

«Պաշտպանության նախարարությունը հետեւում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին եւ վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին եւ վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսեւորումների նկատմամբ», - ասված է հայտարարությունում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG