Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն տվեց Մորնինգսթարի թեկնածությանը


Ռիչարդ Մորնինգսթար, արխիվային լուսանկար

Ռիչարդ Մորնինգսթար, արխիվային լուսանկար

Վերջին շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ հարցը քննարկելուց հետո՝ չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ի վերջո հավանություն է տվել փորձառու դիվանագետ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությանը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը։

Որոշումից առաջ, սակայն, հայամետ երկու սենատորները՝ Ռոբերտ Մենենդեզն ու Բարբարա Բոքսերը հարցադրումների մի ամբողջ շարք են ուղղել թեկնածուին՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ալիեւի ռեժիմի շարունակական հարձակումների եւ Հին Ջուղայում հայկական գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ։

«Եթե հաստատվեք դեսպանի պաշտոնում, ինչպե՞ս կարձագանքեք ագրեսիոն նոր գործողություններին, որոնք այժմ արդեն Ղարաբաղից ընդարձակվել են դեպի հայ - ադրբեջանական սահման», - հետաքրքրվել է Կալիֆորնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը։

Ի պատասխան` Մորնինգսթարը խոստացել է աշխատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ինչպես նաեւ շփումներ ունենալ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց հարգել հրադադարը եւ ամրապնդել այն կյանքի կոչող պայմանները։

Քննարկումների ժամանակ սենատոր Բոքսերը դիվանագետի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանության վրա՝ հիշեցնելով նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանի հիմնական թշնամիները աշխարհում ապրող հայերն են։ Այդ հարցում, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Ռիչարդ Մորնինգսթարը առավել հստակ պատասխան է տվել. - «Եթե ես հաստատվեմ, կբացատրեմ, որ անպատասխանատու հայտարարությունները անընդունելի են եւ սասանում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու մեր ջանքերը։ Ես կհորդորեմ Ադրբեջանի կառավարությանը զուսպ լինել իր հռետորաբանության մեջ եւ պատրաստել իր ժողովրդին ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության»։

Ղարաբաղյան խնդրի կարգավորումից բացի, հարցեր են հնչել նաեւ Հին Ջուղայի ավերված գերեզմանոցի վերաբերյալ. Մորնինգսթարը կրկին խոստացել է դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում այցելել հին հայկական գերեզմանատուն, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարությանը փոխանցել ամերիկյան կողմի մտահոգությունները եւ ընդգծել, որ անհրաժեշտ է պահպանել հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը երախտագիտություն է հայտնել հայամետ սենատորներին՝ բարձրացրած հարցերի համար։ «Մեզ անհրաժեշտ է արդյունավետ ամերիկացի դեսպան ունենալ Ադրբեջանում, մի մարդ, ով կդիմակայի բռնապետական վարչակազմին, որը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ խաղաղության համար՝ իր հակահայկական հարձակումներով», - հայտարարել է Հայ դատի գրասենյակի՝ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանը։

Հայ դատի գրասենյակը նաեւ նշում է, որ վերջնական հաստատման դեպքում պատրաստ է աշխատել դեսպան Մորնինգսթարի հետ՝ երաշխավորելու հավասարակշռված քաղաքականություն Հարավային Կովկասում, որը հարգում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Դեսպանի պաշտոնում վերջնական հաստատվելու եւ աշխատանքի անցնելու համար Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը պետք քննարկման դրվի նաեւ Սենատի լիագումար նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG