Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եվ այսպես, կառավարությունը հաստատեց առաջիկա հնգամյա գործունեության ծրագիրը։ Գործադիրը խոստանում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, նվազեցնել աղքատության մակարդակը 8-10 տոկոսով, ստեղծել 100 հազար նոր աշխատատեղ։ Այսինքն՝ կառավարության ծրագիրն ունի ընդգծված սոցիալական բնույթ։ Մեզանում մի տեսակ ընդունված չէ բաց խոսել այն մասին, որ Հայաստանը աղքատ երկիր է։ Աղքատ՝ իր քաղաքացիների կյանքի որակով ու մակարդակով։ Երկրի բնակչության մեկ երրորդը գտնվում է աղքատութան շեմից ցածր, իսկ վերջիններիս զգալի մասն էլ ընդհանրապես չքավորներ են, այսինքն՝ նրանք, ովքեր վատ են սնվում, չունեն նորմալ բնակարան եւ գլխավորը՝ ապրում են բացարձակ հուսահատության, սեփական կյանքում որեւէ բան փոխելու անհնարինության զգացումով»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով անցած ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում, հայտարարել է, թե ԲՀԿ-ն «կիսահղի վիճակում է»: «Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ թեեւ «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ: Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ, այդ դեպքում կարելի է ասել նաեւ, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում», - փոխանցում է թերթը` կրկին մեջբերելով Ռուբինյանին. - «ԲՀԿ-ն ո’չ իշխանություն է, ո’չ էլ ընդիմություն, որովհետեւ, եթե այդ մարդկանց եւ իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի»:

«Երկիր» օրաթերթի թղթակիցը ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում նշում է. - «Մեծ քննարկումների տեղիք տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նշանակումը»: Զոհրաբյանը արձագանքում է. - «Այստեղ սենսացիաներ փնտրել պետք չէ, ամեն ինչ շատ պարզ է: Պարզ է, որ սպորտի նախարար պետք է նշանակվեր մի անձնավորություն, որի հետ ՀԱՕԿ (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի) նախագահը ցանկանար աշխատել: Շատ պարզ է, որ անգնահատելի է Գագիկ Ծառուկյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման մեջ եւ, բնականաբար, պետք է ընտրվեր այնպիսի մարդ, որը կարողանար բնականոն հարաբերություններ ունենալ ՀԱՕԿ նախագահի հետ, որպեսզի շատ ընդհանուր գործը` հայկական սպորտի զարգացումը, որի հաջողությունները վերջին շրջանում հատկապես ակնառու են շնորհիվ առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի, այդ գործը կիսատ չմնար եւ կարողանար շարունակվել: Բնականաբար, թեկնածությունը կանգ առավ Հրաչյա Ռոստոմյանի վրա: Այստեղ որեւէ գաղտնիք չկա, քանի որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չէ, որոշվեց, որ Ռոստոմյանն իր պաշտանավորման ընթացքում դադարեցնի իր անդամակցությունը ԲՀԿ-ին: Կրկնում եմ` պետք է լիներ մի մարդ, ում հետ Գագիկ Ծառուկյանը ցանկանար աշխատել եւ շարունակեր հայկական սպորտում իր անելիքները»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ Ազգային բանակի սպան կարող է ինչ-որ ռեստորանում արժանանալ ինչ-որ պատգամավորի թիկնապահների նմանօրինակ զարհուրելի, անմարդկային ծեծին, իսկ ժամեր անց երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը կարող է փոփոխությունների մասին հերթական մի ելույթ ունենալ, ոչ մի կերպ իսկ` թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո չանդրադառնալով այդ զարհուրելի միջադեպին, այստեղ արդեն եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ երկրում կան իսկապես լրջագույն, խորքային, արժեքային պրոբլեմներ, որոնք պետությանն ու հասարակությանը հետեւողականորեն գլորում են դեպի ինքնասպանություն, ինքնախժռում։ Եվ այստեղ մենք մեզ բռնացնում ենք այն իրողության վրա, որ ասելու բան կարծես թե չկա, որ խոսքերը նման դեպքերում դարձել են ավելորդ, քանի որ հայաստանյան օլիգարխիական իշխանության ներկայացուցիչներից կարելի է արդեն ամեն ինչ սպասել, որովհետեւ այդ ներկայացուցիչներն անպատժելիության մթնոլորտից դարձել են գերհամարձակ, գերհանդուգն, որովհետեւ նրանք գիտեն, որ ուժեղ են օրենքից, վեր են բարոյականությունից եւ կարող են վարվել ինչպես կամենան, ու այդ վարմունքն էլ կարող են ներկայացնել ինչպես կամենան»:

ՍԴՀԿ (Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն) անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասում է. - «Վարդան Օսկանյանը իր վերջին կես տարվա պահվածքով ամեն օր ապացուցում է, որ, ի տարբերություն կլանաօլիգարխիկ համակարգի, ինքը Հայաստանի լիարժեք քաղաքացի է, մարդ, որը իսկապես մտածում է իր հայրենիքի մասին: ԲՀԿ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը լրջագույնս քննադատել է իշխանություններին, բնականաբար, սրանք անցան Սերժ Սարգսյանի հայտարարած «հանդուրժողականությանը»: Մի կողմից ունենք այդ հանդուրժողականությունը, մյուս կողմից ունենք դատաիրավական համակարգ, որն աշխարհը չունի. Վարդան Օսկանյանը ասաց ճշմարտությունը եւ պետք է պատժվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG