Մատչելիության հղումներ

Հայ լոբբիստական կառույցը հետեւում է նաեւ Սենատի հանձնաժողովում Ադրբեջանում նոր դեսպանի հաստատման լսումներին։

Կեղծ հավասարակշռությունը` անհավասարակշռություն է

Հունիսի 4-ին` ճիշտ Երեւան ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի օրը, հայ-ադրբեջանական շփման գծում տեղի են ունեցել արյունալի միջադեպեր, որոնց արդյունքում զինծառայողներ են զոհվել, նախ հայեր, ապա հայերի պատասխան գործողություններից` ադրբեջանցիներ։ Կան վիրավորներ։

Հենց այդ օրը Ամերիկայի Հայ դատի գրասենյակի նախագահ Քեն Հաչիկյանը հատուկ նամակով դիմել է Հիլարի Քլինթոնին` պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ռազմատենչ հրետոռաբանությունը։

Հունիսի 13-ին այդ նամակին տիկին Քլինթոնի անունից պատասխանել է պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը։

Նա խորը ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ եւ նշել է, որ «ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում չդիմել ուժի եւ կամ չսպառնալ այդպիսի գործողությամբ»։

Գորդոնի փոխանցմամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում անվտանգության ոլորտում, մասնավորապես, Ադրբեջանին զինատեսակներ փոխանցելու հարցում այնպես է գործում, որ չվնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Այդ պատասխանից հետո Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հանդես է եկել նոր հայտարարությամբ` ընդգծելով, որ պետական դեպարտամենտը «հերթական անգամ ձախողվել է Ադրբեջանի իրականացրած բռնությունները պատշաճ կերպով դատապարտելու հարցում»։

«Մեզ չափազանց անհանգստացնում է մշտապես սպառնալիքներ հնչեցնող եւ բռնություններ գործադրող Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցադրած արհեստական անկողմնակալությունը, դա աղաղակող, անհարգալից վերաբերմունք է Ղարաբաղի հարցը խաղաղ եղանակով կարգավորելու միջազգային համայնքի կոչերի հանդեպ», - ասվում է հայտարարությունում։

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, կազմակերպությունը հիասթափված է պարոն Գորդոնի պատասխանից։

«Եվս մեկ անգամ ցուցաբերվեց կեղծ հավասարակշռված վերաբերմունք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի հստակ հարձակողական քաղաքականության նկատմամբ», - ասել է Էլիզաբեթ Չուլջյանը եւ ավելացրել.- «Կեղծ հավասարակշռությունը իրականության մեջ անհավասարակշռություն է։ Ժամանակն է, որ շատ հստակ ուղերձ տրվի Ադրբեջանին առ այն, որ անհրաժեշտ է դադարեցնել այդպիսի գործելակերպը եւ որոնել իրական խաղաղ լուծում, որը կպաշտպանի այդ շրջանի [Լեռնային Ղարաբաղի] ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։


Մորնինգստարը պետք է գործով ապացուցի խոստումները

Այսօր Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հանձնաժողովը երկրորդ անգամ անդրադառնում է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպան նշանակելու առաջարկին. այն կքննարկվի եւ կքվեարկվի։

Էլիզաբեթ Չուլջյանն ասում է, որ առաջին քննարկման ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կապակցությամբ։

«Այդ տեսակետից լսումները շատ կարեւոր էին», - ասել է Հայ դատի գրասենյակի խոսնակը եւ ընդգծել, որ Մորնինգսթարը պետք է գործով ապացուցի լսումների ժամանակ տված խոստումները։

Նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլին: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ըստ վերլուծաբանների, հավանություն կտա Մորնինգսթարի թեկնածությանը։ Դրանից հետո հարցը կտեղափոխվի Սենատի լիագումար նիստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG