Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին


«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցությունը, կուսակցության խոսնակի փոխանցմամբ, այսօր որոշել է դեմ քվեարկել կառավարության գործունեության ծրագրին, որի քննարկումներն Ազգային ժողովում կմեկնարկեն վաղը:

«Դա չհաջողված դասախոսության մակարդակի անիրատեսական ծրագիր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Կուսակցությունը բազմաթիվ թերություններ է տեսնում ծրագրում` տնտեսական, արտաքին քաղաքականության, էներգետիկ անվտանգության ոլորտներում «հիմնավորումները թերի են», անդրադարձ չկա Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:

«Բազմաթիվ կետեր կան: Ես կարող եմ թվարկել` կտեւի մեկ ժամ: Կառավարության գերակայություններից սկսած` ներառյալ բոլոր նշված առանցքային կետերը, անիրատեսական են, վերջացրած կաբինետի հանդեպ վերապահումներով: Մենք չենք տեսել էական փոփոխություն նաեւ իրականացնողների կազմի մեջ», - ասաց ԲՀԿ-ի խոսնակը:

Կառավարությունը, ըստ նրա, ծրագրի իրագործման այնպիսի ռիսկեր է ներկայացրել, որոնց դեպքում միշտ էլ կարելի է արդարացումներ գտնել. - «Ես վերափոխում եմ առօրյա խոսակցական, ժողովրդական ոճի, որ, գիտեք ինչ կա, այս ծրագիրը լավն է, թե վատն է, ինքը չի իրականացվելու: Մասնավորապես դա վերաբերում է ռիսկերի մասում նշված, օրինակ, դոլարի փոխարժեքին, օրինակ, գունավոր մետաղների գների անկմանը, օրինակ, տրանսֆերտների կրճատմանը: Իմանալով, որ այդպես է լինելու` կառավարությունը որպես վերապահում ի սկզբանե նշել է մի շարք հանգամանքներ, որոնց դեպքում իրենց ծրագիրը պարտադիր չի, որ իրականացվի»:

«Բարգավաճ Հայաստան»-ից բացի, կառավարության ծրագրին դեմ քվեարկելու հստակ որոշում ունեն նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը:

«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը «Ժառանգության» տեսակետն այսպես բացատրեց` ծրագիրը բովանդակություն չունի. - «Սա կառավարության կողմից մեծ ձախողում է: Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած հիմնախնդիրների հետ կապված որեւիցե հարցի լուծում այս փաստաթղթում չկա: Սա ինքը զուտ, իմ պատկերացմամբ, ներածական բնույթի նյութ է: Ուսանողի մակարդակով անգամ այս փաստաթուղթը, եթե դրվի դիտարկման ու լուրջ զննություն անցկացվի, էլ չեմ ասում փորձագիտական, որեւիցե քննության չի դիմանա: Եվ ակնհայտ է, որ որեւիցե խնդիր այս փաստաթղթով չի լուծվելու»:

Քոքոբելյանը կարծում է, որ կառավարությունը կարող էր ավելի լուրջ ծրագիր ներկայացնել, ինչը չի արել «ոչ թե այն պատճառով, որ չէին կարող ավելի մանրամասն անել, այլ զուտ այն պատճառով, որ ավելի քիչ քննարկման թեմա դառնա, եւ ավելի քիչ խոցելի կետերը ակնհայտ երեւան»:

«Զուտ հռետորաբանության առումով Հայաստանի Հանրապետությունում բոլորը ցանկանում են քաղաքացիների համար լավ կյանք ապահովել, բայց ինչպիսի՞ ճանապարհով են դա անելու եւ ո՞րն են այդ կետերը, այս փաստաթղթում իսպառ բացակայում է», - հավելեց նա:

«Չի կարող լինել կառավարության այնպիսի ծրագիր, որում նաեւ իրականացման մեխամիզմներն են նշված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` շարունակելով. - «Եթե դուք փնտրում եք այնպիսի ծրագիր, որ բոլոր մեխանիզմները մեջը կան, ապա այդպիսի ծրագրեր, որպես կանոն, չեն գրվում եւ հաստատվում, որովհետեւ դրանք կլինեն բազմահատոր ստեղծագործություններ, եւ այդպիսի ստեղծագործությունները շատ դժվար կլինի քննարկել մեկ առ մեկ` որպես մեկ ամբողջական փաստաթուղթ: Ծրագիրը, որպես կանոն, տալիս է ուղղությունները, որից հետո արդեն կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով դրա իրականացման մեխանիզմները եւ հասնելու ուղիները բացատրվում են»:

Հարցին, թե ինչպես են ստեղծվելու խոստացված 100 հազար աշխատատեղերը, նախարարը արձագանքեց. - «Մակրոտնտեսական հաշվարկները տրվում են ընդհանուր տեսակետից, կոռելյացիոն կապերի վրա, եւ եթե դուք ուզում եք այս պահին հասցեական լինի, թե, ասենք, այսինչ գյուղում այսինչ աշխատատեղը ինչպիսին է լինելու, ցավոք սրտի, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ որեւէ տեղ որեւէ երկրում նմանատիպ ծրագրեր չեն հաստատվում»:

Իսկ հարցին, թե ծրագրի շրջանակներում ժողովրդի համար տեսանելի ինչ-որ ցուցանիշներ կլինեն մինչեւ նախագահական ընտրությունները, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. - «Հուսով եմ, որ կառավարության աշխատանքը ամենօրյա առումով պետք է տեսանելի լինի: Ինչ վերաբերում է, ասենք, որ 100 հազար աշխատատեղ անմիջապես մինչեւ նախագահական ընտրությունները ստեղծվեն, ցավոք սրտի, դրանք արդյունքային ցուցանիշներ են հինգ տարվա համար եւ դրանք չեն կարող լինել յոթ ամսվա ընթացքում»:

Դիտարկմանը, որ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ասել է, թե այս ծրագիրը նաեւ պայքարելու է օլիգոպոլիաների դեմ, եւ հարցին, թե կան Հայաստանում օլիգարխներ, ում դեմ պիտի կոնկրետ պայքարեն, Գաբրիելյանը արձագանքեց. - «Օլիգոպոլիաները բացահայտվում են. կարող են այսօր լինել, վաղը չլինել եւ կարող են ընդհակառակը` այսօր չլինել, վաղը լինել: Դրանցից բոլորի դեմ էլ պետք է պայքարել, երբ որ դրանք ի հայտ են գալիս»:

Չնայած խորհրդարանական 4 խմբակցություն դեմ է կառավարության ծրագրին, բայց կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի ձայները բավարար են, որ ծրագիրը հաստատվի:

Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկումները կսկսվեն վաղը:

please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG