Մատչելիության հղումներ

Հայերը` թուրքական մամուլի հարձակումների հիմնական թիրախ


Հայերը շարունակում են մնալ թուրքական մամուլի վիրավորական եւ ատելություն սերմանող հրապարակումների հիմնական թիրախը: Սա է վկայում «Հրանտ Դինք» հիմնադրամի պատրաստած զեկույցը, որ հրապարակվեց այս շաբաթասկզբին Ստամբուլում:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` հիմնադրամի մասնագետները դիտարկել են թուրքական 17 պարբերականներում տեղ գտած հրապարակումները` արձանագրելով, որ վերջին ամիսներին ազգամիջյան եւ կրոնական ատելություն, անհանդուրժողականություն սերմանող հրապարակումների թիվը թուրքական տպագիր մամուլում կտրուկ կերպով աճել է:

«Եթե 2011 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում թուրքական լրատվամիջոցներում ատելություն սերմանող 38 հոդված էր տպագրվել, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում այդ հրապարակումների թիվը հասավ 115-ի», - արձանագրում են Դինքի հիմնադրամի մասնագետները:

Փաստորեն, միայն այս տարվա առաջին չորս ամիսներին թուրքական մամուլում ավելի շատ խտրականություն քարոզող հրապարակում է հայտնվել, քան նախորդ տարվա ողջ ընթացքում:

Ինչ վերաբերում է մամուլի հարձակումների կոնկրետ հասցեատերերին, ապա, հիմնադրամի մասնագետների պնդմամբ, ընդհանուր առմամբ 17 տարբեր խմբեր են հայտնվում թերթերի վիրավորական հրապարակումների գլխավոր հերոսի դերում, սակայն միանձնյա առաջատարը հայերն են:

«Այս տարվա առաջին 4 ամիսներին ազգամիջյան ատելության տարրեր պարունակող ամենաշատ հրապարակումները հայերին են նվիրված եղել, նրանց հետեւում են քրիստոնյաներն ընդհանրապես, ապա` հրեաներն ու հույները», - նշում են զեկույցի հեղինակները` նկատելով նաեւ, որ այս յուրատեսակ սեւ ցուցակի հինգերորդ տեղում են հայտնվել ֆրանսիացիները. դա, ըստ ամենայնի, եւս կապված է հայկական խնդիրներին, քանի որ դիտարկված ժամանակաշրջանը համընկել է ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ բուռն քննարկումներին:

Ուշագրավ է, որ թուրքական պետության դեմ զինված պայքար ծավալած քրդերը, ըստ զեկույցի հեղինակների, մամուլում շատ ավելի քիչ վիրավորանքի են արժանանանում, քան, ասենք, հայերը կամ հույները. քրդերը «Հրանտ Դինք» հիմնադրամի հրապարակած ցուցակում յոթերորդն են:

Հիմնադրամի մասնագետների համոզմամբ` մամուլում պարբերաբար տեղ գտնող այս հրապարակումները ուղղակի ազդեցություն են թողնում փոքրամասնությունների ամենօրյա կյանքի վրա:

«Խտրականության եւ այլատյացության տարրեր պարունակող սադրիչ արտահայտությունները հայտնվում են թուրքական թերթերի առաջին էջերին եւ վերնագրերում` դառնալով այն գործիքը, որ խորացնում է հանրության շրջանում առկա կարծրատիպերը: Նման հրապարակումները, ի վերջո, սաստկացնում են թշնամանքն ու խտրականությունը հանրության շրջանում», - նշում են «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG