Մատչելիության հղումներ

Հայաստանում վերջին տարիներին աճել է ինքնասպանությունների թիվը. վիճակագրությունը փաստում է, որ ինքնասպանություն առավել հաճախ գործում են գործազուրկները:

Հոգեբան Միհրան Մադաթյանը կարծում է, որ ինքնասպանությունների թիվը զգալիորեն կնվազի, եթե Հայաստանում հոգեկան առողջությանը հետեւելու կուլտուրայի պակասն այդքան ցածր չլիներ:

«Եթե հոգեկան առողջությունը ապահովելու կուլտուրան ավելի լավ մտած լինի, այլ ոչ հայկական մենթալիտետով, թե «մենք մեր հարազատների հետ խոսում ենք, նորմալ է»… բնականաբար, երեւի թե ինքնասպանությունների քանակն էլ բավականին կնվազի», - ասում է Մադաթյանը:

Մասնագետները կարծում են, որ ինքնասպանության շատ դեպքեր հնարավոր կլինի կանխել, եթե մարդիկ սկսեն ավելի ուշադիր լինել իրենց շրջապատի նկատմամբ: Մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով, սակայն, ըստ հոգեբանների եւ սոցիոլոգների, կյանքի գերհագեցումը, մեկուսացումը, տարրական մարդկային անտարբերությունն այսօր թվաբանական լուրջ աճ են տալիս այս չարիքին:

Հայաստանում 2009-2011 թվականների ընթացքում աճել է ինքնասպանությունների թիվը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, եթե 2009-ին ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ արել է 498 մարդ, ապա 2010-ին այդ թիվը հասել է 592-ի, իսկ 2011-ին` 647-ի: 2012 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն:

Ըստ նույն վիճակագրության, ինքնասպանության ավելի հաճախ դիմում են 30-65 տարիքային խմբի մարդիկ: Ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Սակայն մասնագետները ճիշտ չեն համարում խնդիրը միայն սոցիալական վիճակի հետ կապելը: Ինչպես հոգեբան Մադաթյանը նշեց, կա մեկ այլ լուրջ խնդիր. քիչ չեն մարդիկ, ովքեր առողջական վատ վիճակի պատճառով պետք է հոգեբուժարանում լինեին, սակայն հոգեբուժարանն այսօր չի ընդունում իր բոլոր հիվանդներին:

Հոգեբույժ Մարուք Եղյանը չի կարծում, որ հոգեբուժարանից դուրս բուժվող մարդկանց կողմից գործված ինքնասպանության դեպքերն են ազդում այս երեւույթի աճի վրա:

«Չեմ կարող համաձայնվել դրա հետ, քանի որ մենք ձգտում ենք նրան, որ մարդիկ տանը բուժվեն, ոչ թե հոգեբուժարանում: Թվի աճ դա երբեք չի տա, կարող է 1-2 դեպքով ավելի լինի», - ասաց Եղյանը:

Մադաթյանը կարծում է` խնդիր է նաեւ այն, որ ինքնասպանության փորձը կանխելու համար հատուկ պատրաստվածություն անցնող ոստիկան-հոգեբաններ չկան:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը համամիտ է հոգեբանի հետ, սակայն նա մատնանշում է այն դեպքերը, երբ ոստիկանների աշխատանքի շնորհիվ ինքնասպանության փորձեր են կանխվել: Հենց վերջերս ոստիկանները Կիեւյան կամրջից նետվել ցանկացող 27-ամյա կնոջ կյանքն են փրկել:

«Պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտի տղաները, ծառայություն կատարելիս, Կիեւյան կամրջի մոտ նկատել են կնոջը` ինքնասպանության փորձ կատարելուց: Բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին», - պատմեց Մարտիրոսյանը:

Ոստիկանները, հոգեբանները եւ սոցիոլոգները միակարծիք են մի հարցում` լրատվամիջոցները շատ մանրամասն են նկարագրում ինքնասպանության դեպքերը, ինչը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Վերջիններս խնդրում են ԶԼՄ-ներին` բավարարվել զուտ տեղեկատվություն հաղորդելով, քանզի ոմանք մանրամասները լսելիս իրենց ցավի լուծումն էլ են տեսնում ինքնասպանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG