Մատչելիության հղումներ

Հրապարակվել է «Ձախողված պետությունների» տարեկան զեկույցը


Սոմալիից փախստականները փորձում են մուտք գործել Քենիայի Դադաաբ փախստականների ճամբար, արխիվ

Սոմալիից փախստականները փորձում են մուտք գործել Քենիայի Դադաաբ փախստականների ճամբար, արխիվ

«Հանուն խաղաղության» հիմնադրամը հրապարակել է «Ձախողված պետությունների» 8-րդ տարեկան զեկույցը, համաձայն որի Սոմալին 5-րդ տարին անընդմեջ պահպանում է առաջին տեղը։

Իր գնահատականը կազմակերպությունը հիմնավորում է այդ երկրում տիրող անօրինության, ոչ արդյունավետ կառավարման, ահաբեկչության, հանցավորության եւ ծովահենության հանգամանքներով:

Լավագույն դիրքերում՝ այսինքն վերջին հորիզոնականներում, հայտնվել են Ֆինլանդիան, Շվեդիան եւ Դանիան։ Բոլոր երեք երկրներն էլ լավ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ ունեն, հարգվում են օրենքներն ու մարդու իրավունքները:

Հայաստանը տարածաշրջանում ամենալավ ցուցանիշներն ունի, որոնք նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել․ մեր երկիրը 102-րդ տեղն է զբաղեցում։ Տագնապ հարուցող երկրների ցուցնիշներին ավելի մոտ են Թուրքիան՝ 85-րդ տեղում, Ադրբեջանը՝ 68-րդ, Վրաստանը՝ 51-րդ տեղում:

Ամենամեծ անկումը այս զեկույցում գրանցել են Լիբիան, Սիրիան եւ Եգիպտոսը։ Արաբական գարնան այս երեք երկրներում վիճակը վատացել է: Չնայած հեղափոխականները տապալել են բռնապետներին, սակայն ընդհանուր առմամբ, այսպիսի իրադարձությունների պատճառով այդ երկրներում անկայուն վիճակ է ստեղծվել:

Ղրղըզստանը ամենամեծ դրական տեղաշարժը գրանցած երկիրն է։ Ղրղըզստանի դիրքերը բարելավվել են շնորհիվ իշխանության կայուն փոխանցման եւ քաղաքական բարեփոխումների:

Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին, որոնք միջուկային ճգնաժամի հանգեցրին, նույնպես բացասաբար ազդեցին այդ երկրի դիրքերի վրա, չնայած Ճապոնիան շարունակում է լավագույն 7 տոկոս երկրների շարքում մնալ։

Հունաստանը շարունակում է անկում գրանցել տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած սոցիալական մեծ ճնշման պատճառով։

Ձախողված երկրների զեկույցում 178 երկիր է գնահատվել` տնտեսական սոցիալական եւ քաղաքական 12 ցուցանիշների եւ շուրջ 100 ենթացուցանիշների հիման վրա՝ ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, ոչ հավասարաչափ զարգացումը, իշխանության լեգիտիմության խնդիրը:

Վերլուծությունը կատարվել է՝ հիմնվելով սոցիալական, տնտեսական, մարդու իրավունքներին եւ քաղաքական իրավիճակին վերաբերող հրապարակայնորեն հասանելի փաստաթղթերի եւ վերլուծաբանների կարծիքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG