Մատչելիության հղումներ

Լոս Կաբոսում հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ


Մեքսիկա -- «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդները Լոս Կաբոսում, 18-ը հունիսի, 2012թ․

Մեքսիկա -- «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջնորդները Լոս Կաբոսում, 18-ը հունիսի, 2012թ․

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը երկուշաբթի օրը վերահաստատել են հանձնառությունը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել վճռական քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար։

Ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մինչ օրս չեն իրականացրել անցած տարի Դովիլում անցկացված «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում միջնորդների հրապարակած հայտարարությունում իրենց կողմից առաջարկված քայլերը, երեք միջնորդ պետությունները նշում են․ - «Այդուհանդերձ, ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար»։

ԼՂ հակամարտության կարգավորման առաքելությունը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրների ղեկավարները այս հայտարարությամբ հանդես են եկել Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում։

«Ուժի կիրառումը չի կարող հանգուցալուծել հակամարտությունը, այն միայն երկարաձգելու է տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքները եւ զրկանքները», - ասված է նախագահներ Բարաք Օբամայի, Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում։ - «Միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ողջ տարածաշրջանին թույլ տալ հաղթահարել ստեղծված ստատուս քվոն եւ շարժվել դեպի ապահով եւ բարեկեցիկ ապագան», - նաեւ ասել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները։

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հակամարտության լուծման գործում առաջ գնալու ուղիները, հետագա աշխատանքը հումանիտար կապերը զարգացնելու, հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի ստեղծման, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ։

Հունիսի սկզբին տարածաշրջան էր այցելել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով մտահոգություն էր հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG