Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 19-ի մամուլ


«Իրատես de facto»-ի խմբագիրը գրում է. - «Կառավարության ծրագիրը կդառնա այն լակմուսը, որի վրա կերեւակվի ԲՀԿ-ն: Արձանագրելու` ընտրություններից, Ծառուկյանի շուրջը «մաքրելուց», կոալիցիա չմտնելուց հետո ինչ մնաց տակը, որպես այլընտրանքային…. «կառուցողական» ուժ: Կարծում ենք` ԲՀԿ-ն երբեք «կողմ» չի քվեարկի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, որքան էլ Գագիկ Ծառուկյանն անձամբ վեր կացավ-գնաց Տիգրան Սարգսյանի մոտ` կառավարություն, անչափ կոնֆիդենցիալ-փակ հանդիպման: Կարծում ենք` ԲՀԿ-ն բավականին կոշտ քննադատության կենթարկի այդ ծրագիրը (չնայած նրա քննադատությունը բացարձակ մրցակցային չի լինի Հրանտ Բագրատյանի «մտքերի» կողքին, Օսկանյանն էլ ինչ ասի, կասեն` թանկագին, «go home», սեփական «լվացքիդ» մասին մտածելու): Ինչպես կքվեարկի, բարդ է ասելը. խաղը կարծածից ավելի բարդ է զուտ այն առումով, որ կողմերն են շատ, որոնք էլ իրենց հերթին միմյանց նկատմամբ ոչ միանշանակ հարաբերություններ ունեն»:

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը Մոսկվայում զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայաստանը նոր կառավարություն ունի` հին դեմքերով: Ձեր կարծիքով` ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չհաջողվեց փոխել գործադիրի կազմը, ինչը խոստացել էր»: Պատասխան. - «Ոչինչ չփոխելը նրա գործելաոճն է: Բայց աշխարհում ամեն ինչ այնքան բուռն է զարգանում, այնպիսի նոր դեմքեր են փոխարինում հներին, որ այսօրվա Հայաստանի իրավիճակը նոնսենս է»: Հարց. - «Ասում են` կայունության համար է արվում»: Կարապետյանը արձագանքում է. - «Չկա այդպիսի կեղծ գաղափար, որ դա կայունության համար է արվում: Ես միշտ ասել եմ` ամենամեծ կայունությունը գերեզմանոցում է… Պետք է վերջապես հասկանալ, որ հին դեմքերով փոփոխություն անելն անհնար է, դա ուղղակի խաբեություն է: Բայց բոլորն են այսօր հասկանում, որ Հայաստանը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Աշխարհի բոլոր երկրներում էլ կռիվ, ծեծ-ջարդ, սպանություններ են լինում: Բայց մեզանում, չգիտես ինչու, դրանք անհեթեթության աստիճանի չնչին պատճառներից են ծագում եւ այնպիսի հաճախականությամբ, որ մտածում ես՝ օդում արյան ծարավ կա: Ես փորձում եմ հասկանալ «Հարսնաքարի» միջադեպի էությունը եւ այդ միջադեպում ներգրավված անձանց մոտիվացիան: Պարզ է, որ նրանցից ոչ մեկը չի ուզում զիջել, եւ երեւի երկու կողմն էլ հիվանդագին ինքնասիրություն ունեն: Նույնիսկ բնական եմ համարում, որ մի քանի ապտակ ու հայհոյանք են փոխանակել: Հետո՞: Շարունակությունը՞: Չկա՞ այն սահմանը, որից այն կողմ մարդու կյանքն է: Չկա՞ այն զսպանակը, որ ստիպելու է երկուստեք կանգ առնել ու բանը չհասցնել արյան, մարմնական վնասվածքների, ի վերջո՝ մահվան»:

Թեման շարունակում է «Երկիր»-ի խմբագիրը. - «Օլիգարխ պատգամավորի մսաղաց-թիկնապահները կարողանում են մարդու ծեծել, մահվան դուռը հասցնել այն պատճառով, որ պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսեւորած ու այդ հիմնավորմամբ պաշտոնանկ արված քաղաքապետը դառնում է նախարար: Որ երեխա ծեծած ու մարզն իր դուքանը դարձրած մարզպետը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլեւ նման պատգամավորի հետ միասին հայտնվում է իշխող կուսակցության համամասնական ցուցակում: Որ պետական ծառայողն իր աշխատասենյակում մարդ է ծեծում, ու փոխանակ նրան աշխատանքից ազատեն, պաշտոնանկ են անում նախագահականի հովանավորությունը վայելող այդ չինովնիկին պատժելու համարձակություն չունեցած վերադաս նախարարին: Բոլորը գոհ ու երջանիկ ցրվելու են տներով` բացառությամբ կյանքի հետ կռիվ տվող սպայի, նրա մահճի կողքին չորացած հարազատների, բացառությամբ սովորական այն մարդկանց, ովքեր այս երկրի լավ տղերքի ու չպատժվելու երաշխիք ունեցող արտոնյալների համար ընդամենը մատաղացու են… լավագույն դեպքում»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի համացանցում օրերս մի բավական հետաքրքրական նախաձեռնություն է հանդես բերվել՝ «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի»: Ընդ որում, նախաձեռնության հեղինակները շեշտում են, որ Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի լավագույն հայ գրողն է: Այդ կերպ, փաստորեն, շեշտվում է նախաձեռնության ապաքաղաքական լինելը: Բայց, այսպես թե այնպես, անկախ ամեն ինչից, պարզ է, որ հատկապես ներկայիս գերքաղաքականացված ժամանակաշրջանում ամենաապաքաղաքական նախաձեռնությունն անգամ շատ արագ կքաղաքականացվի, եւ արդեն իսկ այդ բանը տեղի է ունեցել «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի» նախաձեռնության պարագայում: Միեւնույն ժամանակ պարզ է նաեւ, որ անկախ նախաձեռնության բուն շարժառիթից՝ այն, իհարկե, չափազանց նշանակալի է եւ չափազանց կարեւոր կերպարի է առնչվում՝ քաղաքական որեւէ ազդեցություն չունենալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG