Մատչելիության հղումներ

Սըր Փոլ ՄաքՔարթնին` 70 տարեկան


Փոլ ՄաքՔարթնին Բուկինգհեմյան պալատի հարեւանությամբ կայացած համերգի ժամանակ: 4-ը հունիսի, 2012թ.

Փոլ ՄաքՔարթնին Բուկինգհեմյան պալատի հարեւանությամբ կայացած համերգի ժամանակ: 4-ը հունիսի, 2012թ.

Yesterday

Անհավատալի փաստ` առասպելական բիթլ Փոլ ՄաքՔարթնին այսօր նշում է ծննդյան 70-ամյակը։

«Մակկան», ինչպես նրան երաժշտական աշխարհում են անվանում, անհաշիվ մրցանակների դափնեկիր է եւ բազմաթիվ ռեկորդների հեղինակ։

Գինեսի ռեկորդների գրքում նա նշված է որպես «Բոլոր ժամանակների ամենահաջողված երգահան եւ ձայնագրող կատարող», 60 Ոսկե սկավառակների հեղինակ, ով վաճառել է 100 միլիոն ալբոմ եւ 100 միլիոն սինգլ։

Փոլի գլուխգործոցներից Yesterday երգը համարվում է աշխարհում ուրիշ կատարողների կողմից ամենահաճախ մշակված ստեղծագործությունը` այսօրվա դրությամբ գոյություն ունի այդ երգի ավելի քան 2200 տարբերակ։

1990 թվականին աստղագետները հայտնաբերել են թիվ 4148 փոքրիկ մոլորակը, որն անվանել են Փոլի պատվին։

Փոլը վաստակել է ԲՐԻՏ մրցանակը, 14 Գրեմի, Յեյլի համալսարանի երաժշտության դոկտորի պատվավոր կոչումը: Հոլիվուդի Փառքի ճեմուղու աստղերից մեկը Փոլինն է։

1997 թվականին թագունին Փոլ ՄաքՔարթնիին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանը, ինչի շնորհիվ Փոլը վաստակել է նաեւ «սըր» տիտղոսը։ Ռոքերներից այդ պատվին են արժանացել միայն Էլթոն Ջոնը եւ Միք Ջեգերը։


Today

«Ես թոշակի անցնելու մտադրություն չունեմ, ինչո՞ւ չշարունակել այն, ինչ սիրում ես», - ասել է ՄաքՔարթնին «Մոջո» հանդեսին։

Հունիսի 4-ին նա երգել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Երկրորդի թագադրման 60-ամյակին նվիրված համերգին։

Այս տարի նրա համերգներն են տեսել Հոլանդիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Մեքսիկայում։

Դանիացիներն էլ են սպասել Մակկային, սակայն հունիսյան շոուները հետաձգվել են, քանի որ բիթլը պատրաստվում է ելույթ ունենալ հուլիսի 27-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիադայի բացման հանդիսավոր համերգին։

Հունիսի 18-ը հոբելյանական է մոլորակի երաժշտասերների համար։ Բայց կանցնի եւս 3 շաբաթ, եւ բիթլամոլները կնշեն մեկ այլ հոբելյան` 55-ամյակ, օր, որը վճռորոշ էր դարձել 20-րդ դարի համաշխարհային երաժշտության եւ ամբողջ արվեստի համար։


The Long And Winding Road

1957 թվականի հուլիսի 6-ին Լիվերպուլի արվարձաններից մեկում գտնվող Սուրբ Պետրոսի եկեղեցու բակում 15 տարեկան Փոլ ՄաքՔարթնին ծանոթացել է 17-ամյա Ջոն Լենոնի հետ։ Այդ օրը եկեղեցու բակում միջոցառում էր, համերգի մասնակիցներից մեկը Ջոնի ստեղծած «Քուորիմեն» խումբն էր։

Փոլը Ջոնից կիթառ է խնդրել, ցույց տալու, թե ինչպես է նվագում։ Ջոնը այն ժամանակ վատ էր նվագում եւ այնքան էր հիացել ու զարմացել, որ քիչ ժամանակ անց Փոլին առաջարկել էր միասին նվագել։ Դա մոլորակի ամենամեծ խմբի նախածնունդն էր։

Այդ պահից նրանք բռնեցին այն «երկար եւ ոլորուն ճանապարհը», որը տարավ դեպի բոլոր երաժշտասերների սիրտն ու հոգին։ Ճանապարհը, ինչպես The Long And Winding Road երգում` «երբեւէ չի անհետանա», թեպետ ճանապարհին երաժշտական աշխարհը կորցրեց նախ Ջոն Լենոնին, ապա Ջորջ Հարիսոնին։

Այսօր մոլորակի ամենաանվանի քաղաքական եւ հասարակական գործիչները, ռոք-աստղերը, մարզիկները, մեծ հեղինակություն վայելող գիտնականները եւ միլիոնավոր շարքային մարդիկ շնորհավորում են Մակկային։

Չքնաղ մեղեդիների ճանապարհը բիթլերի կազմից շարունակում Ռինգո Սթարը եւ Փոլ ՄաքՔարթնին, ով այսօր դարձավ 70 տարեկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG