Մատչելիության հղումներ

Մի խումբ իտալացի դասախոսներ Հայաստանում կանցկացնեն հնագիտական եւ որմնանկարների վերականգնման դասընթացներ:

Այս տարվա նոյեմբերից Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում իտալացի մասնագետները հայ ուսանողներին են փոխանցում իրենց գիտելիքները եւ փորձը հնագիտության ոլորտում՝ Իատալիայի եւ Հայաստանի միջեւ անցյալ տարի կնքված համաձայնագրի շրջանակում:

Ըստ համաձայնագրի, իտալացի մասնագետները, բացի արդեն մեկնարկած հնագիտական դասընթացներից, հունիսի 25-ից կանցկացնեն նաեւ որմնանկարների պահպանմանը եւ վերականգնմանը նվիրված ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ:

Արուճի հնավայրում ուսանողները կանցնեն հնագիտական գործընթացին վերաբերող բոլոր փուլերը՝ դաշտային աշխատանքներ, չափագրում, փաստագրում, իսկ Գյումրիում եւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ որմնանկարների վերականգնման գործնական աշխատանքները:

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի խոսքով, քանի որ Իտալիայում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված համաշխարհային մշակութային ժառանգության 70%-ը, Իտալիան ունի պատմամշակութային ժառանգության պահպանման հարուստ փորձ եւ կարող է այն փոխանցել հայերին:

«Դասընթացները տեւելու են երկու տարի: Նախատեսում էինք կազմակերպել 15-20 հոգու համար, բայց ցանկացողներն այնքան շատ էին, որ ցուցակագրվեցին 37 հոգի, եւ կուրսերը հենց այդ թվով ուսանողների համար սկսեցինք: Ավարտելուց հետո շրջանավարտները կստանան երկու բուհերի՝ Երեւանի ճարտարապետաշինարարականի եւ Միլանի «Դելի ստուդի» համալսարանի դիպլոմները, որոնք փոխադարձաբար ճանաչում կունենան», - ասաց Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի պրոռեկտոր Վարդգես Եդոյանը:

Ամեն դեպքում ծրագրի համակարգող Գայանե Կազնատիի խոսքով, դեռ պետք է ընտրություն կատարեն ուսանողների մեջ, թե ում ներգրավվեն դասընթացներում, քանի որ հնարավորություն ունեն գործնական պարապմունքները կազմակերպել միայն 12 ուսանողների համար:

«Աշխատելու ենք Էրեբունի թանգարանի որմնանկարների, եւ Մինաս Ավետիսյանի աշխատանքների վրա», - ասաց նա::

Իտալացի մասնագետները տարիների ընթացքում վերականգնել են նաեւ հուշարձաններ ու որմնանկարներ Հայաստանի այլ վայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG