Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժշկի կյանքին վտանգ է սպառնում


«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին

«Հարսնաքար» համալիրը, որտեղ դաժան ծեծի են ենթարկել բժիշկ Վահե Ավետյանին

Կիրակի օրը Երեւանի «Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի են ենթարկվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ նույն հոսպիտալի միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը, ծեծի ենթարկված 35-ամյա Վահե Ավետյանը կիրակի երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

«Ծանր, փակ գանգուղեղային տրավմա էր, գլխուղեղի սալջարդ, հեմատոմա, գլխուղեղի դիսլոկացիա` մոտավորապես 3-4 աստիճան, մի կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ», - ծեծի ենթարկված Ավետյանի վիճակը նկարագրեց բժիշկը` շարունակելով. - «Արագ տեղափոխվել է վիրահատարան, կատարվել է վիրահատություն, սակայն ծայրահեղ ծանր վիճակը դեռ պահպանվում է: Առավոտյան նորից կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, նորից ունենք լուրջ խնդիրներ: Ինձ թվում է, դա հենց ուժեղ հարվածի արդյունք է: Կյանքին բավականին լուրջ վտանգ է սպառնում: Ուղղակի չեմ կարողանում խոսքեր գտնել. մարդիկ կարող են իրար չհասկանալ, կարող են վեճի բռնվել, բայց այս աստիճանի ծանր հարվածներ, ես չեմ պատկերացնում...»:

Ավետյանի ազգականը` Էդգար Նիկոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ ներկա է եղել երեկվա միջադեպին: Նրա փոխանցմամբ` իրենք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խնջույքի են եղել, այնուհետեւ մատուցողի հետ ինչ-որ թեթեւ վեճ է եղել, որն արդեն ռեստորանի բակում վերաճել է ծեծկռտուքի: Նիկոյանը ասաց` բակում 10-15 հոգով են ծեծի ենթարկել Ավետյանին: Նա ենթադրում էր, որ դրանք ռեստորանի աշխատակիցներն են: Նիկոյանը ասում է` ծեծկռտուքի պատճառները իրենց համար անհասկանալի են. իրենք ոչ մեկին չեն վիրավորել եւ այդպես էլ չեն հասկանում, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ:

Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նաեւ ծեծի ենթարկված մյուս բժիշկը` Արտակ Բայադյանը: Ինչպես տեղեկացրեց հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ Հայկ Անտոնյանը, նա էլ ուղեղի ցնցում է ստացել եւ ունի հիշողության կորուստ:

«Մենք հիմա նրան ցավազրկման տակ ենք պահում», - տեղեկացրեց Անտոնյանը` հույս հայտնելով, որ մեղավորները կպատժվեն. - «Եղել են շատ դեպքեր, երբ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, բայց ես ակնկալում եմ մեր ոստիկաններից, որ իրենք կկատարեն իրենց պարտքը: Եթե մարդ ամեն օր` առավոտից իրիկուն, միայնակ ծառայում է էս ազգին, օրական վարում է 30-40 հիվանդ, եթե ինքը մի կիրակի օրը պետք է իր ազատ ժամանակը տնօրիներ, ինձ թվում է, հենց իրենք պետք է ապահովեին այդ մարդու հանգիստը», - ասաց նա:

Ի դեպ, հիվանդանոցում էր նաեւ գործը քննող քննիչը: Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ ծանր մարմնական վնաս հասցնելու հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարով): Քննիչի փոխանցմամբ, մեկ հոգի արդեն բերման է ենթարկվել. նա «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայող է:

Սակայն ոստիկանության լրատվական ծառայությունում հերքեցին, թե բերման ենթարկվածներ կան: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, թեեւ հայտնի է բժիշկներին վնասվածքներ հասցնողի անձը, սակայն նա դեռեւս ձերբակալված չէ: Ըստ Ահարոնյանի, բերման ենթարկվածներ նույնպես չկան, ընդամենը հարցաքննվել են «Հարսնաքար» ռեստորանի չորս աշխատակիցները` մենեջերը, մատուցողները եւ անվտանգության ծառայողները: Նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, աշխատանքային օրվա ավարտին հայտի դարձավ, որ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով հարուցված քրեական գործը ուղարկվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայություն: Առայժմ պարզ չէ այս որոշման պատճառը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG