Մատչելիության հղումներ

Հույն աջերը հաղթում են ընտրություններում


Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարաս

Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարաս

Եվրոպացիները թեթեւացած շունչ են քաշում. Հունաստանի` եվրոյի գոտում մնալու ամենաջերմեռանդ աջակիցը` աջակողմյան «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթանակ է տոնում արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Անտոնիս Սամարասի գլխավորած կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում ստացավ քվեների 30 տոկոսը: Հունաստանի նախագահն արդեն իսկ հանձնարարել է Սամարասին ձեւավորել նոր կառավարության կազմը:

Հունաստանի Սահմանադրության համաձայն, սակայն, ընտրություններում հաղթած կուսակցությունը հավելյալ 50 պատգամավորական մանդատ է ստանում, ինչի արդյունքում հույն աջերը 300 տեղանոց խորհրդարանում 130 մանդատ կստանան` պատգամավորական տեղերի 40 տոկոսից ավելին:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո «Նոր ժողովրդավարության» առաջնորդը հայտարարեց. - «Այսօր հույն ժողովուրդը հստակորեն ի ցույց դրեց եվրոյի գոտում մնալու, այդ գոտու անբաժան մասը լինելու իր ցանկությունը: Սա ողջ Եվրոպայի հաղթանակն է: Ես կոչ եմ անում նույն նպատակին ձգտող բոլոր քաղաքական կուսակցութուններին միավորվել` կազմելով կայուն կառավարություն»:

Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ծայրահեղ ձախ «Սիրիզա» կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը քվեարկության արդյունքների հրապարակումից հաշված րոպեներ անց հայտարարեց, թե իր ղեկավարած ուժը շարունակելու է մնալ ընդդիմադիր դիրքերում եւ աջերի հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու որեւէ ցանկություն չունի: Հարկ է նշել, որ Եվրամիության ներկայացուցիչներն ամենաշատը վախենում էին, որ ընտրություններում կհաղթեն հենց Ցիպրասի կողմնակիցները, որոնք հանդես էին գալիս Եվրամիության հետ կնքված բոլոր ֆինանսական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու, պետական համակարգում մեկնարկած կրճատումներին վերջ տալու, անհրաժեշտության դեպքում` նաեւ եվրոյի գոտին լքելու օգտին:

««Նոր ժողովրդավարության» ձեւավորած կառավարության անդամները պետք է հստակ հասկանան, որ չեն կարող շարունակել նախարարական նախորդ կաբինետների քաղաքականությունը, քանի որ այն ամբողջությամբ հակասում է հանրության կամքին», - հայտարարել է Ալեքսիս Ցիպրասը:

Թեեւ «Սիրիզա»-ն չկարողացավ ստանալ կառավարություն ձեւավորելու իրավունքը, այնուհանդերձ այս կուսակցությունը երեկ կայացած ընտրությունների հիմնական հաղթողներից մեկն էր: Մայիսի 6-ի ընտրություններում կուսակցությունը ստացել էր քվեների 16 տոկոսը` երեկ արդեն այդ ցուցանիշը հասցնելով 27 տոկոսի: Փաստորեն հույն ձախերը 40 օրում իրենց վարկանիշն ավելացրեցին ավելի քան 10 տոկոսով:

Ստեղծված իրավիճակում որոշիչ դերակատարություն են ստանում ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած հույն սոցիալիստները: Քվեների 14 տոկոսը եւ 33 մանդատ ստացած «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցության առաջնորդ Եվանգելոս Վենիզելոսը անցած գիշեր հայտարարել է. - «Հենց վաղը պետք է ձեւավորվի մի կառավարություն, որն ի վիճակի կլինի ապահովել պետության, տնտեսության, ողջ հանրության բնականոն կենսագործունեությունը: Այդ կառավարությունը պետք է ի վիճակի լինի հաջողությամբ նախապատրաստվել եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների երկրորդ փուլին»: Նա հատուկ ընդգծել է, որ դա պետք է լինի «ազգային միասնության կառավարություն, որում ընդգրկված կլինեն քաղաքական բոլոր ազդեցիկ ուժերը»:

Եվրոպական կառույցներն ու աշխարհի առաջատար բորսաները հունական ընտրությունների արդյունքներն ընկալեցին անթաքույց լավատեսությամբ: Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպյուն այսօր Բրյուսելում հայտարարել է. -«Եվրամիությունը շարունակելու է կանգնած մնալ հույն ժողովրդի կողքին` աջակցելով տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, տնտեսական աճ ապահովելուն ուղղված Աթենքի ջանքերին»:

Լավատես են նաեւ համաշխարհային բիզնես շրջանակները: Դրա վկայությունն էր բորսաներում արձանագրված աճը, ինչպես նաեւ եվրոյի փոխարժեքի ամրապնդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG