Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը տեղի ունեցավ Կարաբալայի արձանի պաշտոնական բացումը։ Արձանը տեղափոխվել էր Աբովյան փողոց հունիսի 13-ին, բացումը համընկավ արձանի հեղինակի` քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75-ամյակին:

Կարաբալան Աբովյան փողոցի վրա կանգնած կրկին ծաղիկներ է բաժանում երիտասարդ աղջիկներին ու կանանց:

«Ինձ նախապես երբ որ տղաներն ասացին, թե` ամսի 15-ին ենք ուզում, ասացի` ուրեմն եկեք անենք ամսի 16-ին` իմ ծննդյան օրը: Շատ լավ, գեղեցիկ զուգադիպություն էր: Շատ կարեւոր էր», - մեզ հետ զրույցում ասաց Թոքմաջյանը:

Մայիսին սկիզբ առած «Կարաբալայի արձանը սխալ տեղում է կանգնած» ֆեյսբուքյան շարժման նախաձեռնողները հասան իրենց նպատակին: Երիտասարդներն ի սկզբանե ուզում էին արձանը տեղափոխել նախկին տեղը` Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման վայր, սակայն արձանն այժմ այդ վայրից մի փոքր հեռու է, մեզ հետ զրույցում ասաց Արմենը։

Բացմանը ներկա էին Լեւոն Թոքմաջյանի ուսանողները, ընկերները: Զրուցեցինք բացմանը ներկա գտնվող հեռուստալրագրող Կարեն Քոչարյանի հետ, ով միջոցառման մասին իմացել է ֆեյսբուքյան նախաձեռնության հրավերից` մեկ շաբաթ առաջ։ «Կարաբալան պետք է լինի Աբովյան փողոցում, քանի որ հիմնական տեղը եղել է Աբովյան փողոցը: Ես անձամբ չեմ տեսել, բայց ծնողներիցս շատ եմ լսել», - ասաց նա։

Ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երիտասարդների` արձանի բացմանը ներկա գտնվելու խնդրանքով նամակին ֆեյսբուքյան իր էջում այսպես պատասխանեց. - «Հարգելի երիտասարդներ, համարեք, որ ես ձեզ հետ եմ, դուք ուրախացեք: Ես` որպես երեւանցի եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչ, իմ գործն արել եմ: Վաղն էլ, ինչպես գիտեք, Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75-ամյակն է, ես նրան պարգեւատրելու եմ ոսկե մեդալով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG