Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հաստատեց կուսակցության քվոտայով նախարարների թեկնածուներին


Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի ուրբաթ երեկոյան կայացած նիստերում հաստատվեց նոր կառավարությունում ՀՀԿ-ի քվոտայով նախարարների թեկնածուների անունները:

Ըստ այդմ, ՀՀԿ-ական տասնմեկ նախարարներ կշարունակեն աշխատել իրենց պաշտոնում: Կփոփոխվեն առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ տրանսպորտի եւ կապի նախարարությունների ղեկավարները (առաջին երեք պորտֆելները պատկանում էին ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանին», իսկ վերջինը՝ «Օրինաց երկրին»):

ՀՀԿ-ն առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում՝ ներկայիս փոխնախարար Արտեմ Ասատրյանի, իսկ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունները:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը անկուսակցական կլինի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ-ի մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, թեկնածուի հարցը պարզ կդառնա առաջիկայում: Փոխվարչապետի պաշտոնում կշարունակի աշխատել Արմեն Գեւորգյանը:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) կառավարությունում կունենա երեք պորտֆել՝ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների եւ քաղաքաշինության նախարարությունները: Գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները կշարունակեն ղեկավարել ներկայիս նախարարներ Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը, իսկ քաղաքաշինության նախարարի պաշտոնում ՕԵԿ-ը առաջադրել է Սամվել Թադեւոսյանի թեկնածությունը, ով ՕԵԿ խմբակցության պատգամավոր է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինքը վաղը կառավարության նոր կազմը ներկայացնելու է երկրի նախագահին եւ հնարավոր է` նախագահը հաստատի այն:

Վարչապետն ասաց՝ գոհ է կառավարության նոր կազմից: Նրա փոխանցմամբ՝ նախագահը նախարարների թեկնածուների վերաբերյալ իր առաջարկությունները եւս հաշվի է առել:

Արձագանքելով կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացված ուժերից միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ չքննարկելու փաստին, վարչապետն ասաց, որ ՀԱԿ-ը դեռեւս «չեղած ծրագրի վերաբերյալ արդեն իր բացասական տեսակետն էր հայտնել, եւ դա էլ ի սկզբանե անիմաստ էր դարձրել որեւէ քննարկում»:

«Բայց եթե նրանք պատրաստ են համագործակցել կառավարության հետ, մենք սիրով կհամագործակցենք եւ նրանց բոլոր առաջարկները կքննարկենք», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը կարծում է, որ եթե ներկայիս կառավարությունը մինչեւ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները լավ աշխատի, ապա կառավարության կազմը կարող է նաեւ պահպանվել ընտրություններից հետո (օրենքը պահանջում է, որ նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորվի):

«Եթե մենք ցույց տանք այնպիսի արդյունքներ, որոնք կբավարարեն մեր ժողովրդի պահանջները, բնականաբար, կառավարությունը կշարունակի իր աշխատանքը նաեւ նախագահական ընտրություններից հետո: Եթե մեր արդյունքները բավարար չեն լինի, բնականաբար, կձեւավորվի նոր, թարմացված կառավարություն», - ասաց վարչապետը:

Նշենք, որ հունիսի 20-22-ը կառավարության գործունեության նոր, հնգամյա ծրագիրը կներկայացվի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG