Մատչելիության հղումներ

Ռուս երաժիշտները թողարկել են բողոք-ձայնասկավառակ


Մի քանի տասնյակ ռուս երաժիշտներ ու կատարողներ այս ամիս ինտերնետում թողարկեցին երկրի պատմության մեջ իր նմանը չունեցող նոր ձայնասկավառակ՝ ավելի քան 230 երգ, որոնք քննադատում են գործող իշխանություններին ու կոչ անում նախագահ Պուտինին հրաժարական տալ։

Белый альбом․ այսպես է կոչվում նոր հավաքածուն` թերեւս նշանավորելու սպիտակ ժապավենները, որոնցով ընդդիմադիրները փողոց դուրս եկան անցած տարվա դեկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններում տեղ գտած կեղծիքների դեմ պայքարելու համար։

«Այս ձայնասկավառակը երաժիշտների ներդրումն է ժողովրդավարության համար պայքարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է նախագծի հեղինակներից մեկը՝ հայտնի երաժիշտ Ալեքսանդր Լիպնինսկին, ընդգծելով, որ ի տարբերություն մի շարք գրողների, դերասանների ու լրագրողների, ռուս երաժիշտները դեռեւս որեւէ լուրջ քայլ չէին արել՝ ընդդիմությանը աջակցելու համար։

«Այս ալբոմը լրացնում է այդ բացը։ Ընդհանրապես, մշակույթը, եւ առաջին հերթին՝ երաժշտությունը, կոչված է առողջացնել սոցիալական միջավայրը, մարդկանց եւ մղել նրանց առավել վեհ զգացմունքների», - ասում է Լիպնինսկին։

Ձայնասկավառակի ստեղծմանը մասնակցած տասնյակ հեղինակներից ամենահայտնին, թերեւս, Յուրի Շեւչուկն է՝ ճանաչված ռոք-երաժիշտը, ով ալբոմի համար առանձնացրել է իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երգ ազատության մասին»։

Ազատությունից, քաղաքական բանտարկյալներից, Պուտին-Մեդվեդեւ տանդեմը քննադատելուց բացի մի քանի երգ էլ նվիրված է Pussy Riot փանք-խմբի երեք ազատազրկված կանանց, որոնք ճաղերի ետեւում հայտնվեցին, երբ Մոսկվայի ամենամեծ եկեղեցում խորան բարձրացան իրենց հեղինակած՝ «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգով։

«Այս պայքարով ես ուզում եմ հասնել արդար ընտրությունների, բայց նաեւ պայքարում եմ այս կանանց ազատելու համար»,- ասում է Ալեքսանդր Լիպնինսկին եւ շարունակում, - «Ես անձամբ հավանություն չեմ տալիս այդօրինակ քայլին, բայց միեւնույնն է, անընդունելի է մեր երկրում դեռեւս Ստալինի օրոք հաստատված եւ մինչ օրս մնացած պրակտիկան, երբ մարդկանց բանտարկում են մինչեւ դատավարությունը, ընդ որում՝ մարդկանց, ովքեր ոչ գող են, ոչ մարդասպան»։

Ներկայացված երգերը կարելի է ինտերնետից ներբեռնել անվճար։

Նախագծի հեղինակները, սակայն, աջակցության կոչ են անում բոլոր ցանկացողներին, եւ հույս ունեն բարեգործությունների օգնությամբ բավարար գումար հայթայթել՝ վիրտուալ ալբոմը նաեւ իրականում թողարկելու համար։

please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG