Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին մնացել է 34 օր եւ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց առաջադրված չորս թեկնածուներին:

Առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանը եւ թոշակառու, ներկայումս գործազուրկ Վալերի Խաչատրյանը:

ԿԸՀ-ում գրանցովելու համար ներկայացան երեք թեկնածուներ. Բակո Սահակյանի փոխարեն ներկա էր նախագահականի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեք թեկնածուները պատմեցին, թե ինչու են որոշել առաջադրվել, ինչ ծրարգրեր ունեն։

Երեսուներկու տարի պետական համակարգում աշխատած Վալերի Խաչատրյանը պատմեց, որ տարբեր պաշտոններում աշխատելուց հետո անցնելով թոշակի` հասկացել է, որ դեռ ասելիք ունի:

«Իմ կյանքի փորձը եկել է ինձ համոզել, որ կարող եմ իմ թեկնածությունը դնել երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար», - ասաց Խաչատրյանը։

Նախկինում երկու անգամ ընտրված պատգամավոր, ներկայումս ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը ուզում է, որ երկրում կատարվող մի շարք ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրեր անձամբ իրականացնի, ինչի համար էլ առաջադրվել է։

«Ես ունեմ մեր երկրի ապագայի զարգացման իմ տեսլականը, ունեմ լուրջ ծրագրեր», - ասաց Սողոմոնյանը, հավելելով, որ կառաջադրվի ընդամենը մեկ անգամ, այսինքն`օրենքի հնարավորությունը չի օգտագործի երկրորդ անգամ առաջադրվելու համար:

Գեներալ Վիտալի Բալասանյանը, ով ժամանակին զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշոնը, եղել է Բակո Սահակյանի խորհրդականը, այսօր արդեն ընկալվում է որպես ընդդիմադիր թեկնածու:

«Ես չեմ ընդունում այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական եւ ներքին քաղաքականությունը։ Ունեմ համապատասխան ծրագրեր», - մեզ հետ զրույցում հայտարարեց Բալասանյանը։

Ավելի վաղ էլ գործող նախագահ Բակո Սահակյանն էր խոսել իր առաջադրման մասին՝ ասելով․ - «Համարում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդպիսի բարոյական իրավունք վաստակել ենք, որն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի ես այդպիսի որոշում ընդունեմ»։

XS
SM
MD
LG