Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյան. «Մեր տնտեսությունը ձեռք է բերում բնական եւ բնականոն տեսք»


«Ցանկանում եմ մեր երկրի համար արձանագրել կարեւորագույն փաստ. մեր ժողովրդական տնտեսությունը ձեռք է բերում իր համար բնական եւ բնականոն տեսք», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր ելույթ ունենալով 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման ժամանակ:

«Տարածաշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձեւավորել գիտալիքահեն տնտեսություն, որի թիվ մեկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթված մարդիկ են, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացույցն է», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է վարչապետը։

Նշելով, որ Համաշխարհային բանկի մրցունակությանը վերաբերող վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստան առաջ է շարժվել 6 կետով, Տիգրան Սարգսյանը շարունակել է. - «Կարեւոր է փաստ է նաեւ այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբաններն ի նկատի ունեն այն, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին, եւ այդ առումով, նրա դիմադրողականությունն էապես բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարեւոր դեկատարությունն ունի նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը, որը նույնիսկ 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում տեղի ունեցավ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կայուն»:

Արդյունքում, ՏՏ բնագավառում զբաղվածների քանակը ներկայում հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է, նշել է Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնելով, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիությամբ, տարածվածությամբ եւ ենթակառուցվածքներով զիջում էր իր հարեւան պետություններին, վարչապետը հավելել է. - «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարեւոր նվաճում է Հայաստանի տնտեսության համար»:

Վարչապետի հովանու ներքո անցկացվող ֆորումին մասնակցում է 59 կազմակերպություն, այդ թվում 21-ը՝ արտասահմանյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG