Մատչելիության հղումներ

Ջրաշխարհի եւ Դելֆինարիումի գործունեությունը չի ազդում մայրաքաղաքի ջրամատակարարման վրա


«Երեւան ջուր» ընկերության հաղորդակցության եւ հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց, թե Երեւան քաղաքի ջրամատակարարման համակարգի վրա որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ Դելֆինարիումի եւ Ջրաշխարհի գործունեությունը:

««Ջրաշխարհը ընկերությունից ջուր է գնում միայն կենցաղային կարիքները հոգալու համար, քանի որ ունի առանձին խորքային հորեր, որոնցից էլ օգտվում է», - պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է Դելֆինարիումին, ապա կառույցը անցյալ տարի մեծ քանակությամբ ջուր է վերցրել ընկերությունից, սակայն դրա ազդեցությունը հարակից շենքերի եւ ընդհանրապես վարչական շրջանի բնակիչները, ըստ «Երեւան ջուր» ընկերության «Արեւելք» մասնաճյուղի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի, «չեն զգացել եւ դժվար թե զգան»:

«Լուրերը, թե Շենգավիթ շրջանի ջրամատակարարումը բարելավվել է այն պատճառով, որ Դելֆինարիումը այժմ չի գործում, չեն համապատասխանում իրականությանը», - հավելեց Օհանյանը:

Գագիկ Մարգարյանը նշեց, որ ամռանը ջրամատակարարման խափանումները կապված են ոռոգման սեզոնի, ջրի մեծ ծավալներով սպառման հետ: Նաեւ մեծ խնդիր են մաշված համակարգերը, որոնք մշտապես վթարների պատճառ են դառնում, ինչն էլ առաջացնում է բնակիչների դժգոհությունը:

Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակիչները հիմնականում գոհ են ջրամատակարարումից, խնդիրներ կան հիմնականում Նոր Նորք վարչական շրջանում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG