Մատչելիության հղումներ

Կվճարի՞ արդյոք Իվանիշվիլին բազմամիլիոն տուգանքը


Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին իր գլխավորած «Վրացական երազանք» շարժման հանրահավաքի ժամանակ, Քութայիսի, 10-ը հունիսի, 2012թ.
Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին իր գլխավորած «Վրացական երազանք» շարժման հանրահավաքի ժամանակ, Քութայիսի, 10-ը հունիսի, 2012թ.
Եվս երկու օր` եւ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կամ կվճարի Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից սահմանված բազմամիլիոնանոց տուգանքը, կամ էլ նրա ունեցվածքի մի զգալի մասը կենթարկվի կալանքի:

Դատարանի որոշմամբ Իվանիշվլին պետք է ավելի քան 90 միլիոն դոլարի տուգանք վճարի` քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու եւ ընտրակաշառք բաժանելու համար:

Կա, իհարկե, իրադարձությունների հնարավոր զարգացման երրորդ տարբերակը` չի բացառվում, որ մի քանի ժամից Վրաստանի վերաքննիչ դատարանում կայանալիք նիստը փոփոխի առաջին ատյանի դատարանի վճիռը, սակայն Իվանիշվիլիի կողմնակիցներն առանձնակի հույսեր դատական մարմինների հետ չեն կապում` ընդգծելով, որ անգամ եթե դատական նոր վճռով տուգանքի չափը նվազեցվի, միեւնույն է, Իվանիշվիլին այն չի մուծելու:

Վրաց միլիարդատիրոջ փաստաբան Սանդրո Բարամիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը ասել է. - «Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում կատարել դատարանի անօրինական վճիռը: Կարծում եմ, որ նրա այդ որոշմանը կհետեւի պարտադրման գործընթացը: Թե ինչ տեսք կստանա այն` դժվարանում եմ ասել, հարկավոր է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը»:

Իվանիշվիլիին տուգանելու որոշումը Թբիլիսիի քաղաքային դատարանը կայացրեց երկրի Վերահսկիչ պալատի հայցի հիման վրա, որում այս կառույցի ներկայացուցիչները պնդում էին, թե Վրաստանի մի շարք շրջաններում Իվանիշվիլին ընտրակաշառք է բաժանում` մասնավորաբար արբանյականային ալեհավաքների տեսքով:

«Մի քանի հոգի գրավոր ցուցմունք են տվել առ այն, որ Բիձինա Իվանիշվիլիի եղբորը պատկանող Global TV ընկերության աշխատակիցները իրենց տներում անվճար արբանյակային ալեհավաքներ են տեղադրել: Փոխարենը` նրանք խոստում են կորզել, որ այդ մարդիկ առաջիկա ընտրություններում քվեարկեն ընդդիմության օգտին», - նշված էր Վերահսկիչ պալատի հայցում:

Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Global TV-ի մյուս սեփականատիրոջը` ամերիկացի գործարար Ալեքսանդր Ռոնժեսին երեկ քննիչներն ուղղակի իջեցրին Թբիլիսի - Ստամբուլ օդանավից եւ մինչեւ ուշ գիշեր հարցաքննում էին օդանավակայանի վարչական մասնաշենքերից մեկում:

Global TV-ն այն ընկերությունն է, որի կաբելային հեռարձակումների փաթեթում է ընդգրկված Իվանիշվիլիի ստեղծած «9-րդ ալիք» հեռուստակայանը: Հետաքրքիր զուգադիպությամբ, այն պահից, երբ Global TV-ն սկսեց հեռարձակել ընդդիմադիր ալիքի հաղորդումները, մնացած բոլոր վրացական հեռուստաալիքները, այդ թվում իրենց իշխանամետությամբ հայտնի «Ռուսթավի - 2»-ն ու «Մզե»-ն, խզեցին պայմանագիրն այս ընկերության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG