Մատչելիության հղումներ

Հունիսի 15-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. – «Հայաստանի ներքաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ հասարակության ընդդիմադիր հատվածը հստակորեն բաժանված է երկու մասի. մի մասը գնում է քաղաքական որեւէ ուժի հետեւից եւ ձգտում իշխանափոխության` հույս ունենալով, որ նոր իշխանություններն «ավելի լավ կնայեն ժողովրդին», մյուս մասը որեւէ քաղաքական ուժի չի հավատում եւ որեւէ ուժի հետ հույս չի կապում, բայց գտնում է, որ պետք է պայքարել եւ ինչ-որ կերպ փոխել իրավիճակը: Հիմա հասարակության այն հատվածը, որը հույս ուներ, թե իշխանափոխություն է լինելու, եւ նորերն «ավելի շատ են մտածելու ժողովրդի մասին», հուսահատվել է ու գնացել է տուն: Բայց հազարավոր մարդիկ պատրաստ են շարունակել պայքարը` առանց քաղաքական որեւէ ուժի հետեւից գնալու: Ըստ երեւույթին հենց այս հատվածի ակտիվությամբ էլ կանխորոշվելու է Հայաստանի առաջիկա տարիների ներքաղաքական իրավիճակը»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Անշուշտ, բոլորը հասկանում են, որ խորհրդարանը հեղափոխություն անելու վայր չէ՝ բառիս ուղղակի իմաստով: Խորհրդարանում 66 եւ ավելի ձայն ունեցող իշխանությանն անվստահություն հայտնելն ու նրա լիդերին տապալելու փորձերը, բնականաբար, դատապարտված են, եւ նման բան ձեռնարկելն արդեն ավանտյուրայի տպավորություն կթողնի ու առաջարկողին անհեթեթ վիճակում կդնի: Թերեւս հասարակ ժողովուրդը դա ավելի լավ է հասկանում, քան որոշ ընդդիմադիրներ, որոնցից բոլորովին էլ նման հուսահատ քայլեր չեն սպասում, այլ լուրջ խորհրդարանական աշխատանք են ակնկալում: Եվ դրա առաջին փուլը կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումն է ու այդ ծրագրի մանրակրկիտ վերլուծությունը»:

Հանրապետական ֆրակցիայից պատգամավոր Արտաշես Գեղամյանին «Իրատես de facto»-ի թղթակիցը հարցնում է. - «Ամբողջ նախընտրական արշավում ԲՀԿ-ն (նաեւ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», տեղ-տեղ ՕԵԿ-ը) քննադատում էր կառավարության աշխատանքը, դա ապակայունացո՞ւմ էր, թե՞ իրենց տեսակետների բարձրաձայնում»: Պատասխան. - «Ճիշտ էին անում, եթե քննադատությունը հիմնավոր էր: Եթե կառավարության տնտեսական գործունեությունը քեզ չի գոհացնում, ուրեմն ունես հնարավորություն հանդես գալու այլընտրանքային մոտեցումներով, որոնք, ըստ քեզ, եթե կյանքի կոչվեն, ավելի արգասաբեր կլինեն: ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում, ինչու չէ` նաեւ ՀԱԿ-ում, մակրոէկոնոմիկայի տեսությանը տիրապետող, գիտելիքների բավարար պաշար ունեցող կարող ուժեր կան, ովքեր ի զորու են այլընտրանքային ծրագրեր ներկայացնելու, եւ ԱԺ մեծամասնությունը, եթե տեսնի, որ քննարկման ներկայացվող ծրագրերն ավելի դյուրին եւ նվազ ծախսատար են, մրցունակ, կարող է դրանք ընտրել: Ի վերջո, բոլորիս նպատակը սոցիալական ոլորտում դրական արդյունքն է, աղքատության նվազումը, որովհետեւ մենք արդեն հասել ենք վտանգավոր նիշի»:

«Երկիր»-ը գրում է. - «Օսկանյանն ակնհայտորեն ԲՀԿ-ի ամենախոցելի կողմը չէր: Վերջինս խոցելի էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլեւ նրա կուսակցությունում հանգրվանած մի քանի մանր ու միջին օլիգարխների բիզնես շահերով: Բայց իշխանությունը ոչ թե այդ շրջանակի դեմ ուղղեց իր ռեսուրսները, այլ կոնկրետ մեկ մարդու, որը, լինելով ընդգծված քաղաքական գործիչ, հսկայական ազդեցություն ուներ կուսակցության վրա ու իրենով էր մարմնավորում` ԲՀԿ-ի քաղաքական դիմագիծ որդեգրելու գործընթացը: Իշխանությունը անուղղակի հենց Օսկանյանին է մեղադրում այն բանում, որ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ եւ մտավախություն ունի, որ նրա անվերահսկելի հրապարակային գործունեությունը կարող է ընդհանրապես հանգեցնել ԲՀԿ-ն կորցնելուն: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ում իսկապես Քոչարյանի ժանդարմի գործառույթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցությունից Օսկանյանի գործոնի մեկուսացումը, որին կարծես թե դեմ չէ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործոնը ԲՀԿ-ում եւ այս կուսակցությանը` իբրեւ հենարան, այլեւ խաչ է քաշում նախագահական ընտրությունների հետ կապված իր պլանների վրա»:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում, որ վերադարձի տեղ ունենա։ Իհարկե, ասֆալտ է արել` Քըրք Քըրքորյանի փողերով, իհարկե տնտեսություն է վերականգնել` սեփականաշնորհելով, իհարկե չի հանձնել Ղարաբաղը, որովհետեւ երեւի թե չեն տվել պահանջված գինը` երրորդ ժամկետ կամ վարչապետություն։ Իսկ ներքին եւ արտաքին քաղաքականության մյուս բոլոր ուղղություններով Ռոբերտ Քոչարյանը փաստացի չի արել հիմնարար եւ հիշարժան ոչինչ, որ ինչ-որ հարթության վրա ունենա վերադարձի տեղ։ Ու այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի համար կշարունակի առաջիկա ամիսներին եւս արտաքին աշխարհի առջեւ մնալ «զենք»` իր վերադարձի մասին անվերջ խոսակցություններով»։

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG