Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն խոստանում է մինչեւ տարեվերջ յոթ տոկոս աճ ապահովել


Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան
Նոր կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի գործունեության հնգամյա ծրագիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ծրագիրը խորհրդարան կբերվի հունիսի 20-22-ը, ծրագրին հավանություն տալու հարցը խորհրդարանը քննարկելու է արտահերթ՝ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում:

«Դա հիմնականում մեր նախընտրական ծրագիրն է, գումարած ամբողջ քարոզչության ընթացքում եղած առաջարկությունները, նաեւ այլ կուսակցությունների հայտարարությունները, մոտեցումները … այդ բոլորը հաշվի է առնվում», - ասաց Սահակյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ մյուս կուսակցությունների հնչեցրած խոստումներին. - «Եթե կրթությունը, առողջապահությունը անվճար են դարձնում, աշխատավարձը չորս անգամ են բարձրացնում, թոշակները՝ առասպելական… սրանք այն քաղաքական ուժերն են, որոնք վերջին հաշվով իրականացնողները իրենք չեն լինելու, այլ պարզապես ասում են, որ մի քիչ ավելի շատ ձայներ հավաքեն: Եվ թոշակների, եւ աշխատավարձի առումով բարձրացումներ կանխատեսելի են հինգ տարվա ծրագրով: Ծրագրի ընդունումից հետո միջժամկետային ծրագրեր կլինեն, այդտեղ ավելի կոնկրետ կնշվի որ տարում ինչ կարվի: Ամենակարեւորը արդեն այս տարվա վերջին, կարծում եմ, կապահովենք յոթ տոկոս տնտեսական աճ: Դրա հետեւանքով նաեւ ծրագրում ներառված է թոշակների, աշխատավարձերի բարձրացում», - ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Գալուստ Սահակյանն ասում է՝ կառավարության ծրագիրը բարի ցանկության վրա հիմնաված չէ, իրականացման մեթոդիկա է մշակվել: Նախատեսվում է 8-10 տոկոսով կրճատել աղքատությունը, ֆինանսավորվել սկսնակ բիզնեսները, մատչելի պայմաններով տրամադրվող վարկերի ծավալն ավելացնել, 100 հազարից ավելի նոր աշխատատեղեր ստեղծել: Այս քայլը կառավարությունը դիտում է որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ ճանապարհ:

«Կարծում ենք, որ աշխատատեղերի խնդիրը կարելի է լուծել նաեւ գյուղատնտեսության զարգացման պրոցեսներում», - ասաց Սահակյանը:

Հանրապետականներն ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն արդեն ունեն կառավարության ծրագրի նախագիծը, որտեղ նաեւ գերակայություններ են նշված. դրանք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը: Զբոսաշրջության պարագայում ծառայությունների գների նվազեցում չի նախատեսվում, որովհետեւ, ըստ Սահակյանի, եվրոպական երկրների համեմատությամբ Հայաստանում դրանք կոպեկներ արժեն, բայց լավ ենթակառուցվածքներ, օրինակ, ճանապարհներ վերանորոգելու հաշվին նախատեսվում է եկամուտ ստանալ:

«Ենթադրենք 10-15 ոլորտ պետական հովանավորության տակ կվերցվեն, որպեսզի եւ շուկաների հարցը լուծվի, եւ նաեւ տեղական արտադրության զարգացման պրոցեսն ապահովվի: Օրինակ, եթե կարողանանք փաթեթավորումը կազմակերպել, մեր սննդի առավելությունը ամբողջ աշխարհում է հայտնի: Այսինքն այստեղ պետք է գյուղացուն օգնենք, որպեսզի կարողանա հասնել դրան», - ասաց Սահակյանը:

Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմանը կարող են խոչընդոտել արտաքին ռիսկերը, կարծում են նախագծի հեղինակներ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ արագ է արձագանքնում տնտեսական զարգացումներին: Ուստի կառավարությունը ջանքերը կկենտրոնացնի Հայաստանի տնտեսության կայունության պահպահնման եւ ներքին ռեսուրսների օպտիմալ օգտագործման միջոցով տնտեսական զարգացման ապահովման վրա: Հնարավոր է, ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ կոալիցիոն կառավարության առաջիկա ծրագրին կողմ քվեարկեն միայն հանրապետականներն ու ՕԵԿ-ականները: Համենայնդեպս, խորհրդարանական վեց ուժերից երեքը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն հայտարարել են, որ չնայած ծանոթ չեն փաստաթղթին, բայց դրական վերաբերմունք էլ չունեն: Գալուստ Սահակյանն ասաց՝ նրանց քվեարկությունն իրենց չի տխրեցնի:

«Համենայնդեպս, ծրագիրը կհաղթահարվի Ազգային ժողովում», - շեշտեց նա:

Նոր կառավարության կազմի հարցը հանրապետականները կքննարկեն ուրբաթ օրը: Կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նախատեսված նիստը հետաձգվել է: Սահակյանի պնդմամբ՝ հետաձգման պատճառները զուտ տեխնիկական են:

please wait
Embed

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG