Մատչելիության հղումներ

«Նատալի ֆարմ»-ի տուգանքի չափը «ողջամիտ է»


Շաբոյանը ողջամիտ է համարում «Նատալի ֆարմի» տուգանքի չափը
please wait

No media source currently available

0:00 0:00:10 0:00

Շաբոյանը ողջամիտ է համարում «Նատալի ֆարմի» տուգանքի չափը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «Նատալի ֆարմ» ընկերության տուգանքի չափը «միանգամայն ողջամիտ է», եւ այն որոշելիս հանձնաժողովը հաշվի է առել «մի շարք հանգամանքներ ու նախադեպեր»:

Շաբոյանը հրաժարվեց մեկնաբանել «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանի պահանջը՝ վերանայել «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ սահմանված տուգանքի չափն ու միեւնույն ժամանակ՝ փոխհատուցել գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում իր ընկերության կրած վնասները:

Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ-ն անցած երկուշաբթի օրը դեղերի շուկայում գործող Հայաստանի խոշորագույն ընկերությանը` գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ»-ին, տուգանեց 50 միլիոն դրամի չափով:

Վարույթը հարուցվել էր դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության նկատմամբ հակամրցակցային գործողությունների մասին բողոքի հիման վրա:

«Սզնի»-ի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի ուշ նշել էր, թե «Նատալի ֆարմ»-ը գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում «միլիարդների շահույթներ է ունեցել», ինչպես նաեւ պահանջել էր հատուցել իր տապալված բիզնեսի վնասները:

Հակամրցակցային գործողությունների արդյունքում տուժած ընկերություններին փոխհատուցելու առնչությամբ, Արտակ Շաբոյանը մասնավորապես նշեց. - «Համաձայն մեր գործող օրենսդրության, վարչական մարմինը տուգանում է, տուգանքները ամբողջությամբ գնում են բյուջե: Բյուջեն, մակրոմակարդակով եմ ասում` նաեւ այդ գումարները օգտագործում է սոցիալական տարբեր ծրագրերի համար… Բայց կոնկրետ միկրոմակարդակով տնտեսվարող սուբյեկտները` տուժողները, բողոքողները, կարող են մեր որոշման հիման վրա դիմել դատարան` վնասի փոխհատուցում պահանջել մյուս կողմից»:

Շաբոյանն այսօր մասնակցում էր տնտեսության մրցակցության խնդիրներին նվիրված մի համաժողովի, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի կողմից:

Համաժողովի ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ՏՄՊՊՀ-ի նախագահը ընդգծեց, թե իր կողմից ղեկավարվող հանձնաժողովը, որը 2011 թվականին նախորդած տարվա համեմատ կրկնապատկել է տուգանքի մասին որոշումների թիվը, այն հասցնելով 200-ի, այսօր իբրեւ թիրախ տեսնում խոշոր բիզնեսը:

Հիշեցնելով «Նատալի ֆարմ»-ին օրերս խոշոր տուգանքի ենթարկելու փաստը` Շաբոյանը հավելեց. - «Դրանից առաջ [տուգանել էինք] բենզին ներմուծող ամենախոշոր ընկերությանը, դրանից առաջ` հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ընկերությանը` «ԱրմենՏել»-ին 100 միլիոն դրամի չափով… Մեր նպատակը այն չէ, որ ֆինանսական վնաս հասցնենք տնտեսվարողներին: Մեր նպատակը այն է, որ այդ տուգանքները ունենան կանխարգելիչ նշանակություն»:

Միացյալ նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ով նույնպես մասնակցում էր համաժողովի աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում հատուկ առանձնացրեց Հայաստանի տնտեսության՝ իր խոսքով, այն չորս թիրախային ոլորտները, որոնցում ձեռնարկատիրության եւ մրցակցության մեծ ներուժ կա: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, պտուղ-բանջարեղենի վեամշակումն ու դեղագործությունը:

Ըստ դեսպանի, հատկապես այս ոլորտներում մրցակցության զարգացմանն է միտված Միացյալ Նահանգների եւ Հայաստանի շահագրգիռ շրջանակների, այդ թվում` մասնավոր հատվածի եւ պետական համապատասխան օղակների համագործակցությունը:

Հիշեցնենք, 2011 թվականին Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ 17 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիր, որը միտված է փոքր եւ միջին բիզնեսի մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության աճի խթանմանը:

Համաժողովին մասնակցում էին նաեւ գործարարներ: «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մրցակցային միջավայրի ձեւավորման տեսանկյունից ՏՄՊՊՀ-ի գործունեությունը որոշակիորեն արդյունավետ է, եւ արդեն իսկ կան արդյունքներ: Սակայն, իր սահմանմամբ՝ մոնոպոլ-օլիգարխիկ տնտեսության ձեւափոխման մեջ անելիք ունի ոչ միայն հանձնաժողովը:

«Պետությունը իր լծակները պետք է օգտագործի, բիզնեսը` իր լծակները մրցակցության: Ավելի ճիշտ, լավ կազմակերպի, բրենդ ստեղծի, մարկետինգային ճիշտ քաղաքականություն վարի», - ասաց Մաթեւոսյանը` հավելելով, որ պետությունը, անշուշտ, այդ ողջ ընթացքում պետք է իր գործիքներով կանխի հակամրցակցային երեւույթները:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG