Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ին մտահոգում է Ադրբեջանում մամուլի վիճակը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվային լուսանկար
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ, արխիվային լուսանկար

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտգործնախարարին։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հինգշաբթի օրը իր անհանգստությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողներին մշտապես հալածելու եւ երկրում տեղեկատվության տարածումը սահմանափակելու կապակցությամբ։

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ ես ողջունել էի սոցիալական ցանցերի ակտիվիստ Բախտիար Հաջիեւին ազատ արձակելու որոշումը, հուսալով, որ Ադրբեջանից նոր լավ լուր կստանանք», - ասել է Միյատովիչն ու ավելացրել. - «Դժբախտաբար, այսօր ես նորից պետք է իշխանություններին հիշեցնեմ բացասական զարգացումների մասին»։

ԵԱՀԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ, մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը նախօրեին նամակով դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին եւ արծարծել լուսանկարիչ, բլոգեր Մեհման Հուսեյնովի խնդիրը։

Բլոգերին, ով Բաքվում լուսաբանել է հանրահավաքներից մեկը, հիմա մեղադրում են ոստիկանության սպայի հետ վիճաբանության ժամանակ նրան հայհոյելու մեջ եւ խուլիգանության հոդվածով կարող են դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Մամեդյարովին հասցեագրած նամակում Միյատովիչը անդրադարձել է նաեւ իրանական լրատվամիջոցներին թղթակցող լրագրող Անար Բայրամլիի գործին։

Բայրամլին մեղադրվել է թմրամիջոցներ պահելու մեջ եւ հունիսի 11-ին դատապարտվել երկու տարվա ազատազրկման։

«Հույս ունեմ, որ Հուսեյնովին առաջադրված մեղադրանքը չեղյալ կհայտարարվի, որ ազատ կարձակվեն նաեւ «Խայալ-ԹիՎի» հեռուստաընկերության լրագրողներ Զաուր Ղուլիեւը եւ Վուգար Ղոնաղովը։ Լրագրողներին բանտեր նետելով չեն պատասխանում քննադատական լրագրությանը։ Մամուլը պետք է ազատ լինի եւ այդպես հասարակությունում իր կարեւոր դերը կատարի», - ընդգծել է Դունյա Միյատովիչը։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը նաեւ մտահոգություն է հայտնել «Տեղեկատվություն ստանալու», «Պետական ռեգիստրի եւ իրավաբանական անձանց պետական գրանցման», ինչպես նաեւ «Առեւտրի գաղտնիքների» մասին օրենքները հունիսի
12-ին Միլի մեջլիսում լրամշակելու կապակցությամբ։

Միյատովիչի համոզմամբ, այդ լրամշակումները կարող են երկարատեւը եւ բացասական ազդեցություն գործել մամուլի ազատության եւ տեղեկատվության մատչելիության վրա, «ինչն առավել ցավալի է` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում ժամանակին ընդունված տեղեկատվության մատչելիության օրենքը լավագույններից մեկն է տարածաշրջանում»։

Դունյա Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել այդ լրամշակումները։

«Իմ ղեկավարած գրասենյակը պատրաստ է Ադրբեջանին աջակցել մամուլի ազատության խնդրով ստանձնած պարտավորություններն իրականացնելու հարցում», - ընդգծել է Միյատովիչը Մամեդյարովին հասցեագրած նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG