Մատչելիության հղումներ

«Արարատցեմենտի» դադարի պատճառը «քաղաքական չէ»


«Արարատցեմենտ» գործարանը, արխիվային լուսանկար

«Արարատցեմենտ» գործարանը, արխիվային լուսանկար

«Արարատցեմենտ» գործարանը կարճ ժամկետով դադարեցրել է ցեմենտի արտադրությունը, որպեսզի ավարտին հասցնի արտադրամասի վերազինման աշխատանքները: Ցեմենտի արտադրամասը չի գործում մայիսի վերջից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնից, որին էլ 2003 թվականից պատկանում է գործարանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն «Ազատություն» ռադոկայանի հետ զրույցում հերքեց վերջին օրերին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե կոնցեռնին պատկանող ցեմենտի գործարանի աշխատանքերի դադարեցման պատճառները քաղաքական են:

«Իրականում քաղաքական ենթատեքստ չկա: Տեխնիկական խնդիրներ կան, պահեստամասեր ենք ստացել, փոխարինում ենք պահեստամասերը: Դա լինում է տարեկան մի քանի անգամ: Սա առաջին անգամը չէ, որ գործարանը կանգնում է», - ասաց Առուստամյանը՝ հավելելով, որ դա ընդհանրապես քսան օրից մինչեւ մեկ ամիս կարող է տեւել:

Թեեւ այժմ գործարանը այժմ ցեմենտ չի արտադրում, բայց իրացման աշխատանքները շարունակվում են, մարդիկ սովորականի պես աշխատանքի են գնում: Առուստամյանը հավելում է, որ շուրջ 1500 աշխատողներից եւ ոչ ոք գործազուրկ չի դառնա: «Արարատցեմենտի» պահակակետում աշխատանքային եռուզեռ էր` այսօր մեկ ժամվա ընթացքում տասնյակից ավելի բեռնատարեր դուրս եկան ու մուտք գործեցին գործարան:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը նշում է, որ գործարանը շարունակում է իրացնել իր արտադրանքը:

ԲՀԿ խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքում է «Արարատցեմենտ»-ի արտադրության դադարեցման քաղաքական պատճառները:

«Ուղղակի անմիտ ու անիմաստ է զուտ տեխնիկական խնդիրներում փնտրել որեւէ քաղաքական ենթատեքստ: Որեւէ աշխատատեղ չի կրճատվել եւ չի կրճատելու», - հավաստիացրեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում են նաեւ այն լուրերը, թե իշխանությունները պատրաստվում են Ծառուկյանի ձեռքից վերցնել «Արարատցեմենտ» գործարանը:

«Իհարկե, մեծ երեւակայության դեպքում հնարավոր է ինչ-որ եզրահանգումների գալ, բայց նմանատիպ խոսակցությունները ընդհանրապես զուրկ են որեւէ հիմքից եւ հենքից, բացարձակապես անհեթեթություն են, իսկ անհեթեթությունները մեկնաբանել չեմ ցանկանում», - ասաց Տոնոյանը:

Ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում գործարանը կվերսկսի ցեմենտի արտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG