Մատչելիության հղումներ

Սիրիայի բռնությունները՝ «մարդկության դեմ հանցագործություն»


Վառված խանութներ Սիրիայի Հաֆֆեհ քաղաքում
Վառված խանութներ Սիրիայի Հաֆֆեհ քաղաքում

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր զեկույց է հրապարկել՝ Սիրիայի բռնությունները բնորոշելով որպես «մարդկության դեմ հանցագործություն»։

Իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կրկին կոչ է անում հետաքննության համար դիմել Միջազգային քրեական դատարան եւ արգելել զենքի վաճառքը Սիրիային։

70 էջանոց զեկույցում Սիրիայի իշխանությունները մեղադրվում են պետականորեն կազմակերպված կառավարական զորքերի կանոնավոր հարձակումներով քաղաքացիական անձանց սպանելու մեջ:

45-ամյա Սաֆան Գարաուշին, որը 5 երեխաների հայր էր ու տառապում էր հոգեկան հիվանդությամբ, մարտի վերջին սպանվել է գլխին արձակված կրակոցից։

«Նա վերմակը քաշել էր գլխին՝ վախենալով կրակոցից», - Սարմին քաղաքում Amnesty International-ի հետազոտողներին պատմել են սպանվածին այդ դիրքում գտած հարազատները։

Հալեպում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ու անցորդների վրա։ Տաֆտանազ քաղաքում ապրլի 3-4-ը Ղազալ ընտանիքի 20 անդամներ են սպանվել։ Նրանց մեծ մասը գնդակահարվել է նկուղում, ուր նրանք թաքնվում էին։ Իդլիբ նահանգի Սարաքեբ բնակավայրում զինվորները տուն առ տուն ստուգել ու սպանել են թաքնված մարդկանց։
Սրանք ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ վկայություններից, որ տվել են Սիրիայի քաղաքացիները Amnesty International-ի հետազոտողներին։

Նրանք ապրիլ եւ մայիս ամիսներին եղել են Հալեպի ու Իդլիբի նահանգների 23 քաղաքներում եւ գյուղերում, հանդիպել ու վկայություններ վերցրել 200-ից ավելի մարդկանցից։ Նրանց շատերի հարազատները սպանվել են, հրդեհվել, ոչնչացվել են նրանց տները, կացարանները։

Սիրիայի կառավարությունը ասում է, թե պայքարում է դրսից աջակցություն ստացող ահաբեկիչների դեմ, որոնք հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ են սպանել։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը նաեւ դեպքեր է արձանագրել, երբ ապստամբներն են առեւագել ու սպանել կառավարական զորքերի զինվորներին ու նրանց աջակցող զինյալներին, բայց նշվում է, որ բռնությունների մեծ մասը կատարվում է իշխանությունների կառավարական զորքերի կողմից։

Զեկույցում ականատեսները ասում են, որ սպանվածներից շատերը որեւէ կապ չեն ունեցել Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ տարվող պայքարի հետ։

Չորեքշաբթի օրը, Amnesty International-ի ավագ խորհրդական Դոնաթելա Ռովերան Լոնդոնում, ուր գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, «Ռոյթերզ»-ին ասել է. - «Որտեղ ես եղել եմ, յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր գյուղում նույն պատկերն էր։ Բնակավայրեր ներխուժած զինվորները դաժան գործողություններ են կատարել: Առանց հետաքննելու սպանել են երիտասարդներին, հրդեհի մատնել նրանց տները, իսկ ում ձերբակալել են, տանջանքների են ենթարկել բանտերում, եւ դա կրկնվել է բոլոր այն քաղաքներում եւ գյուղերում, ուր ես այցելել էի»։

Սիրիայի մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Ռամի Աբդելը «Ֆրանս Պրես»-ին ասել է, որ անցյալ տարվա մարտ ամսից մինչեւ հիմա Սիրիայում ավելի քան 14 հազար 400 մարդ է սպանվել, այդ թվում՝ 10 հազարից ավելի քաղաքացիական անձինք, բանակի 3500 զինվորներ ու 800 դասալիքներ։

Զեկույցի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ առաքելությունների հարցերով տեղակալը Սիրիայում տեղի ունեցող բախումները որակել էր որպես «քաղաքացիական պատերազմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG