Մատչելիության հղումներ

Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի 20 ուսանողների եւ շրջանավարտների աշխատանքները՝ գեղանկարչություն, գրաֆիկա կամ քանդակագործություն մինչեւ հունիսի 24-ը կարելի է տեսնել Նարեկացի արվեստի միությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահագն Ղուկասյանը նշեց, որ ավարտել եւ այժմ դասավանդում է Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում, իսկ մասնագիտություն ընտրելիս չի երկմտել, քանի որ միշտ ցանկացել է նկարիչ դառնալ:

«Ծնողներս ասում էին, որ գումար աշխատելու համար ավելի հեշտ մասնագիտություն ընտրեմ, բայց միայն նկարիչ լինելով եմ ուրախ զգում: Իմ կարծիքով, հիմա այն ժամանակն է, որ պետք չէ կառչել ֆինանսականից, կամ սպասել, որ քո երկրը քեզ համար ինչ-որ բան պետք է անի: Իմ կարծիքով, մարդ ինքը պետք է նախեւառաջ լեզու սովորի եւ կարողանա ինքն իրեն դրսեւորել», - ասաց Վահագն Ղուկասյանը:

«Ձախ ձեռքով էի նկարում, հետո, ձախը փոխարինվեց աջով, նույնիսկ հիշում եմ` առաջին դասարանում տատիկս նկարչական ալբոմը դրեց կողքի ասաց՝ դաս պետք է սովորես, բայց նկարչությունը շարունակվեց», - ասաց մեկ այլ երիտասարդ նկարիչ` Եվա Հարութը:

Զրուցակիցներիս խոսքով, երիտասարդ արվեստագետները ֆինանսական խնդիրներ ունեցել են միշտ եւ բոլոր երկրներում: Հայաստանը բացառություն չէ, սակայն Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, պետք է զարգացնել համադրողների դպրոցը, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ներկայացնում են արվեստագետներին, որպեսզի ինքը նկարիչը կամ քանդակագործը ժամանակ եւ ջանք չվատնի իրեն ներկայացնելու կազմակերպչական խնդիրների վրա:

«Նկարիչը չպետք է զբաղվի շրջանակի, ցուցահանդես կազմակերպելու կամ վաճառքի գործով, որոնք ամենադժվար հարցերից են: Պետք է համապատասխան մասնագետները լինեն, որ զբաղվեն այդ գործերով», - ասաց Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանը:

«Հիմա բաց դաշտ է ստեղծվել, կապեր հաստատելու լայն հնարավորություններ կան, օրինակ համացանցով: Եթե արվեստագետը արժեքավոր գործեր է ստեղծում, անպայման իր տեղը կգտնի», - ասաց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG