Մատչելիության հղումներ

logo-print

1949 թվականի այս օրը Խորհրդային Հայաստանից բազմաթիվ մարդիկ աքսորվեցին Սիբիր, Ալթայի երկրամաս:

Մարի Դուրգարյանի ընտանիքը երկար տարիներ արտասահմանում բնակվելուց հետո 1946-ին վերադարձել էր հայրենիք, իսկ 1949-ին հունիսին աքսորվել` որպես դաշնակցականի ընտանիք:

«Դժվարություններով մեծացանք, սկսեցինք ռուսերեն սովորել», - պատմում է Մարի Դուրգարյանը եւ հավելում, որ վերադարձել են Հայաստան 1956-ին ու մինչեւ օրս ոչ մի օգնություն պետությունից չեն ստացել:

75-ամյա Մովսես Թումանյանը մասնակցել է Չերնոբիլի ատոմակայանի կոնսերվացման աշխատանքներին, Ղարաբաղյան պատերազմին, օդաչու է եղել: Պատմում է, որ իր հայրը հայրենական պատերազմի մասնակից է եղել, վերադարձել է հաշմանդամ: Ապրելով Ադրբեջանի հայաբնակ տարածքներից մեկում` նրա հայրը մի կոմիտե էր ստեղծել, որի անդամները դեմ էին, որ իրենց ղեկավարեն բացառապես ադրբեջանցիները:

«1946-ին այդ կոմիտեի անդամներին դատեցին, յուրաքանչյուրին 7-8 տարի, իսկ 1949-ին նրանց ընտանիքներին աքսորեցին Ալթայի երկրամաս», - հիշում է Մովսես պապը:

Մովսես Թումանյանի մայրը կուրացել է աքսորավայրում, հայրը բանտից վերադարձել է հաշմանդամ: Իրեն` որպես բռնագաղթված 400 մետր հողակտոր են տվել, որը 15 տարի է չի կարողանում սեփականաշնորհել:

Ստալինյան աքսորներից տուժել են ինչպես աքսորյալները, այպես էլ հայրենիքում մնացած նրանց ընտանիքները: 74-ամյա Մանյա տատիկը տուժածներից մեկն է:

Այսօր բռնադատվածները եւ նրանց ընտանիքների անդամները իրենց բողոքները ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրեցին: Նրանք պահանջում են ուշադրություն, որոշ արտոնություններ, ավանդների վերադարձ եւ այլն:

«Կառավարությունից երբեմն հարցնում են. ինչի բռնադատվածներ դեռ կան` ի նկատի ունենալով, որ կարող է մահացել են բոլորը: Բայց կանք, բա մենք ովքե՞ր են: Գոնե մնացած մոտ 100 բռնադատվածներիս անուշադրության չմատնեն», - նշում է աքսորյալներից մեկը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG