Մատչելիության հղումներ

logo-print
Կառավարության նիստի ավարտին այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հունիսի վերջին երկրում անցկացվելու են հատուկ զորավարժություններ, որոնց ժամանակ փորձարկվելու է, թե ինչպես է գործելու Հայաստանի պետական համակարգը պատերազմի ժամանակ:

Նախարարն ընդգծեց, որ զորավարժությունների ընթացքում «Հայաստանի Հանրապետությունը բերվելու է բարձր մարտական պատրաստականության»:

Ինչպես տեղեկացրեց նախարարը, այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

Այդ զորավարժություններին ընդառաջ հայկական զինված ուժերում անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց, ինչպես ամեն տարի, մասնակցում են նաեւ բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները:

Սակայն Սեյրան Օհանյանի խոսքից հայտնի դարձավ, որ այս տարի այդ հրամանատարաշտաբային զորավարաժություններին ավելանալու է նաեւ հետեւյալ կարեւոր տարրը. - ««25, 26, 27-ին անց է կացվելու ռազմաքաղաքական փուլը` «Ռազմապետական համակարգի ծավալումը պատերազմական ժամանակաշրջանում եւ ագրեսիայի ետ մղման հիմնական միջոցառումների կազմակերպումը» թեմայով»:

Նրա խոսքից նաեւ պարզ դարձավ, որ նշված զորվարաժությունների ժամանակ, փաստորեն, ստուգվելու է, թե ՀԱՊԿ կառույցներն ինչպես են գործելու` եթե կազմակերպության անդամ Հայաստանը ենթարկվի ռազմական ագրեսիայի: Օհանյանը մանրամասնեց, որ զորավարժությունների ընթացքում «նախապատրաստվելու է Հայաստանի նախագահի դիմումը ՀԱՊԿ-ի ղեկավարությանը` մեզ աջակցելու ուղղությամբ». - «Անց է կացվելու Հայաստանի Հանրապետության բերումը բարձր մարտական պատրաստականության եւ դրա ֆոնի ներքո մենք նախապատրաստելու ենք համապատասխան հրամանագրեր` ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման, նաեւ` Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը ՀԱՊԿ-ի ղեկավարությանը` մեզ աջակցելու ուղղությամբ»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացնում հրամանատարական կազմի հետ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացնում հրամանատարական կազմի հետ:

Իր խոսքի վերջում պաշտպանության նախարարը դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի հանձնարարություն տրվի կառավարության բոլոր անդամներին` իրենց ենթակայության ներքո գտնվող գերատեսչությունները նշված զորավարժություններին նախապաստրաստելու համար:

Վարչապետը արձագանքեց. - «Շատ լավ: Հիմա մենք ֆիքսենք հանձնարարական բոլոր նախարարություններին, ղեկավարներին, որպեսզի իրենց նախարարության համապատասխան ստորաբաժանումները եւ պատասխանատու անձինք ղեկավարվեն Սեյրան Օհանյանի կողմից բարձրացված այդ հարցերի կազմակերպման սկզբունքներով»:

«Ազատություն» ռադիոկայանին Պաշտպանության նախարարությունից այսօր փոխանցեցին, որ նման կարգի զորվարաժություններ Հայաստանում անցկացվում են առաջին անգամ:

Հատկանշական է, որ զորավարժությունները հետեւում են այս ամսվա սկզբին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած հայտնի միջադեպերին, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմը տվեց հինգ զոհ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախախարության` եւս երկուսը զոհվեցին դժբախտ պատահարի հետեւանքով: Իսկ հայկական կողմից զոհվեցին չորս զինծառայողներ:

Ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումներից հետո հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ Հայաստանը անպատասխան չի թողնելու «իր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն»:

Հայ-ադրբեջանական աճող լարվածության ֆոնին ուշագրավ էր Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլի` օրերս մատուցած տեղեկությունը, թե Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օդուժն ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը մոտ 20 տոկոսով, եւ որ օդաչուները ուսումնական թռիչքների ընթացքում մարտական իրավիճակների են պատրաստվում: Ներկայացնելով Գորբուլի այդ խոսքերը` ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը, օրինակ, գրեց, թե այդ կերպ Մոսկվան նախազգուշացնում է, որ կարող է ցանկացած պահի միջամտել իրավիճակին:

Հայաստանի պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարության առնչությամբ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե նման կարգի լայնածավալ զորավարաժությունների անցկացումը վկայում է, որ Հայաստանը նոր` ավելի բարձր մակարդակի է անցնում բանակաշինության, իր պաշտպանությունը կազմակերպելու գործում:

«Իսկ ինչ մնում է պետական ամբողջ ապարատը բերելու ինչ-որ ռազմական դրության կամ համալրման այդ պրոցեսները պահեստազորի եւ այլն, եւ այլն, տեսեք մի բան` մենք պատերազմի մեջ գտնվող պետություն ենք, որը ուշ թե շուտ պիտի հասնի մի օր այն իրավիճակին, որ ցանկացած պահի շատ արագությամբ հնարավոր լինի ամբողջ պետական ապարատը եւ ռազմական մեքենան բերել ռազմական դրության, ինչպես արվում է Իսրայելում», - հավելեց Հովհաննիսյանը:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երեւանը հրապարակայանացնում է նման կարգի զորավարժությունների անցկացման մասին տեղեկությունը, ինչը փորձագետը կապում է նաեւ ղարաբաղայան բանակցությունների առաջիկա նոր փուլի հետ:

«Այս մեսիջի բովանդակությունը հետեւյալն է` հանկարծ չմտածեք, որ դուք կարող եք ուժով մեզ պարտադրել ինչ-որ մեր համար ոչ ցանկալի լուծումներ: Կամ ուժով մեզ պատրադրել ինչ-որ միակողմանի լուծումներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փորձագետը:

XS
SM
MD
LG