Մատչելիության հղումներ

Այսօր` հունիսի 14-ին Արյան դոնորների միջազգային օրվա կապակցությամբ, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում անցկացվեց արյունատվության ակցիա, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կամավորական սկզբունքով արյան դոնոր դարձան 100-150 երիտասարդներ:

«Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները, մինչդեռ ամբողջ աշխարհում առավել մեծ թիվ են կազմում կամավոր դոնորները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արյան բանկի արյան եւ դրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Շամիլյանը: Հայաստանում առանց վարձատրության արյուն հանձնողները կազմում են մոտավորապես 4,1 տոկոս:

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001 թվականներին տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011 թվականին կատարվել է մոտ 15 000 արյունատվություն:

Սակայն, Շամիլյանի փոխանցմամբ, մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորագրերի համաձայն ` արյան պահանջարկը ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Նրա խոսքով` մեր երկրում շատերը նախընտրում են արյուն հանձնել գումարի դիմաց, դա կախված է նաեւ մարդկանց սոցիալական վիճակից: Միջազգային ստանդարտների համաձայն, դոնորից 6 ամիսը մեկ կարելի է վերցնել 450 գրամ արյուն:

2005 թվականին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր: Իսկ առաջին անգամ արյուն փոխներարկվել է մարդուց մարդուն 1819 թվականին Մեծ Բրիտանիայում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG