Մատչելիության հղումներ

Որպես վկա ԱԱԾ հրավիրված նախկին արտգործնախարարը հրաժարվել է ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում:

Որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայություն հրավիրված Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Ինչպես հայտնի է, Վարդան Օսկանյանը անցած շաբաթ է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն` որպես վկա ցուցմունքներ տալու փողերի լվացման հատկանիշներով դեռ մայիսի 25-ին հարուցված քրեական գործի շրջանակներում:

ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո Վարդան Օսկանյանը հավաքված լրագրողներին խնդրեց հարուցված քրեական գործի հետ կապված հարցերն ուղղել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանին։ Փաստաբանը ով ասաց, որ Օսկանյանը, հիմք ընդունելով ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը, իրեն համարում է փաստացի կասկածյալ եւ օգտվում է լռության իրավունքից։

Փաստաբանը նաեւ ասաց, որ ԱԱԾ-ի տարածած տեղեկությունների եւ իրենց հայտնի հանգամանքների հիման վրա կարող է եզրակացնել, որ «սա ուղղակի ճչացող սխալ է»։

«Եվ մեզ թվում է՝ սա դիտավորյալ սխալ է, որովհետեւ ոչ դիտավորյալ նման կարգի սխալներ չեն կարող տեղի ունենալ», - հավելեց Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանը հավելեց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք հարուցված քրեական գործի շրջանակներում որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Օսկանյանին մեղադրանք առաջադրելու հավանականությանը, Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ քրեական հետապնդման համար «ոչ մի իրավական հիմք» չկա։

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործը քննում է ԱԱԾ Քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց։ Իսկ ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեկ տարածված հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունեն, եւ եթե ի հայտ գան նոր հանգամանքներ, իրենք այդ մասին կտեղեկացնեն հանրությանը:

Օսկանյան․ «Սա իմ խնդիրն է»


Հարցաքննության նպատակով այսօր ԱԱԾ հրավիրված Վարդան Օսկանյանին լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչ այժմ հայտարարությամբ հանդես չի եկել, չնայած կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել լրատվամիջոցներով ու ասել, որ կուսակցությունում այն կարծիքի են, թե ԱԱԾ հարուցած քրեական գործը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Վստահ եմ, որ ինչ որ ասել է՝ ասել է ԲՀԿ-ն, բայց հարմար պահի, համոզված եմ, որ ավելի հստակ բան կասի», - պատասխանեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ ինքը կուսակցությանը տեղյակ է պահել զարգացումների մասին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տարիներ շարունակ հանդիսանալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, Օսկանյանը նրա հետ քննարկե՞լ է քրեական գործի հարուցման փաստը, Վարդան Օսկանյանը պատասխանեց․ - «Սա իմ խնդիրն է, որեւէ այլ մարդու խնդիրը չէ։ Ես սա համարում եմ քաղաքական պայքարի մաս, որ ընտրել են իշխանությունները, եւ ես, թեկուզ առանձին, այս պայքարը տանելու եմ։ Ոչ մի ակնկալություն այս պահին ես որեւէ մեկից չունեմ»։

Այսօր կապվեցինք նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, թե հնարավո՞ր է, որ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող այս զարգացումների կապակցությամբ երկրորդ նախագահը հանդես գա հայտարարությամբ: Սողոմոնյանը մեզ փոխանցեց, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, եւ այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ նրա Երեւան վերադառնալուց հետո միայն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG