Մատչելիության հղումներ

ԼՂ-ի գյուղական շրջաններում հայալեզու ռադիոն անհասանելի է


Ստեփանակերտի համայնապատկեր
Ստեփանակերտի համայնապատկեր
Տեղական կամ հայաստանյան ռադիոալիքները անհասանելի են Ստեփանակերտից արդեն 15 կմ հեռավորության վրա: Մինչդեռ, լսելի են ադրբեջանական մի քանի տասնյակ ռադիոկայաններ:

MIX-FM ընկերությունը Լեռնային Ղարաբաղում հեռարձակում է տեղական եւ հայաստանյան մի շարք ռադիոալիքների հաղորդումները: Ընկերության տնօրեն Վարուժան Գաբրիելյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ գործող օրենքը հեռարձակողին արգելում է հաղորդակներ տեղադրել Ստեփանակերտից դուրս: Խոսքը ոչ միայն մասնավոր, այլեւ ԼՂ Հանրային ռադիոյի մասին է:

«Երբ մի կետից հեռարձակում ենք իրականացնում, փաստորեն հասանելի է միայն Ստեփանակերտում, որովհետեւ Ադրբեջանի կողմից խանգարում են մեր հեռարձակումները», - ասաց Գաբրիելյանը: - «Ադրբեջանում դա կատարվում է պետական մակարդակով: Իրենց մի ալիքից մի բնակավայրում մեզ մոտ կարող ենք լսել 20 հատ: Որովհետեւ իրենց կոնկրետ նպատակ են դրել. առաջինը` խանգարել մեր ալիքներին, երկրորդը` մատուցել իրենցը»:

Իրավիճակը անհեթեթ է համարում նաեւ կառավարության ներկայացուցիչը` Ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության գործակալության պետ Կարեն Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ, հարցը լրջորեն քննարկվում է այս տարվա սկզբից եւ լուծումները կգտնվեն մոտ ապագայում:

Լեռնային Ղարաբաղում հեռարձակվում են մոտ մեկ տասնյակ ռադիոալիքներ` տեղական եւ հայաստանյան, որոնք հիմնականում ժամանցային են, լրատվություն չեն հաղորդում: Իսկ Հանրային ռադիոն, որն ապահովում է լրատվական ֆունկցիա, ունի ընդամենը ընդամենը 4-ժամյա եթեր` Հայաստանի հանրային ռադիոյի հաճախականության հաշվին: Այս հաղորդումները, սակայն, լսելի չեն Ստեփանակերտից դուրս:

please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG